Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի աշխատանքները ձգձգվում են

Մայիսի 18-ին «Ադրբեջանի երկաթգծեր» պետական ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը Վրաստանում հայտարարել էր, որ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի աշխատանքները 90%-ով ավարտվել են, սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան:

Գուրբանովն ինքը նաև նշել էր, որ Ախալքալաքում աշխատանքները «ավարտման եզրին են», իսկ Թուրքիայում աշխատանքները ձգձգվում են: Սակայն ստորև կտեսնենք, որ Ախալքալաքում ևս մի շարք խնդիրներ կան, որոնք առայժմ անհնար են դարձնում ժամանակին երկաթուղին շահագործման հանձնելու մասին հայտարարությունները:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածում՝ Կարսի Արփաչայ գավառում կառուցվող վիադուկ (կամուրջ). 31.05.2016 թ.

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածում՝ Կարսի Արփաչայ գավառում կառուցվող վիադուկ (կամուրջ). 31.05.2016 թ.

Գուրբանովը մասնավորապես նշել էր, որ Վրաստանում աշխատանքները կավարտվեն 2016-ի վերջին, իսկ Թուրքիայում աշխատանքների ավարտի ժամկետների մասին որևէ բան չէր ասել:

Սակայն «Ադրբեջանական երկաթգծերի» նախագահի հայտարարությունից ընդամենը մեկ օր անց՝ մայիսի 19-ին, Javakhk News լրատվակայքի հրապարակած հոդվածում նշվում էր, որ թեև  Ախալքալաքի հատվածում արդեն տեղադրել են ռելսերը, իսկ ներկա պահին Ախալքալաքում ընթանում են գլխավոր կայարանի կառուցման աշխատանքները, սակայն աշխատողներից մեկը բողոքել էր, որ 4 ամիս աշխատավարձ չեն ստացել:

Նույն աշխատողը նաև հայտնել էր, որ դեռևս պետք է կառուցեն ևս 32 գիծ, յուրաքանչյուրը՝ 3 կմ երկարությամբ՝ «եվրոպական ուղու» անցումային գծերի վայրում:  Ախալքալաքում նաև հարթակ է կառուցվում, որտեղ գնացքները կանցնեն եվրոպական ուղուն (Խոսքը խորհրդային չափանիշներով 1520 մմ լայնությամբ երկաթուղային գծերից՝ եվրոպական չափանիշներով 1435 մմ գծերին անցնելու համար հարթակի կառուցման մասին է):

Հայտարարություններից որոշ ժամանակ անց՝ մայիսի 31-ին թուրքական «Kafkas Haber Ajansi» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ  նույն օրը Կարսի հատվածում երկաթգծի կառուցման աշխատանքները ստուգելու համար Կարսի Արփաչայ գավառ է այցելել Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը:

Նախարարը հայտնել է, որ Կարս և Սուսուզ գետերի վրա (Ախուրյան գետի վտակներ Թուրքիայում) կառուցվում են երկաթուղու համար անհրաժեշտ վիադուկներ (ձորերի վրա կառուցվող կամուրջներ), որոնց միայն հիմնասյուների կառուցման աշխատանքները կտևեն առնվազն երկու ամիս: Թուրք նախարարը նշել էր, որ միայն Կարս գետի վրա կառուցվում է 322 մ երկարությամբ և 42 մ բարձրությամբ վիադուկ:

Թուրքիայի տրանսպորտի նախարարության՝ 2008-ին հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայի տարածքում պետք է կառուցվի ընդհանուր առմամբ 12 սովորական կամուրջ և 3 վիադուկ, որոնց աշխատանքների վերաբերյալ հստակ տվյալներ չեն հաղորդվում (նշված վիադուկները սովորական կամուրջներից տարբերվում են ավելի մեծ չափերով ):

Այնուհետև ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունիսի 3-ին Ադրբեջան այցի նախօրեին հայտնել էր, որ թուրքական հատվածում աշխատանքներն կավարտեն 2016-ի վերջին: Սակայն, ինչպես տեսանք՝ դեռևս բազմաթիվ խնդիրներ կան, և նշված ժամկետները հույս չեն ներշնչում:

Բացի շինարարությունից՝ ներկայումս ադրբեջանական կողմը զբաղվում է նաև կառուցվելիք երկաթգծի համար անհրաժեշտ վագոնների ձեռքբերմամբ: Մասնավորապես վերջերս «Ադրբեջանի երկաթգծեր» ընկերության մամուլի խոսնակ Նադիր Ազմամեդովը տեղեկացրել էր, որ 2016-ի ամռանը կստանան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու համար անհրաժեշտ վագոնների մի մասը:

Առաջին տասը վագոնները կստանան 2016թ. հունիս-օգոստոս ամիսներին, շվեցարական Stadler Rail ընկերությունից պատվիրված մյուս 20-ը՝ տարվա վերջում: Ըստ խոսնակի՝ աշխատանքները Ադրբեջանի հատվածում ամբողջովին կավարտվեն մինչև 2016թ. վերջ: Ստացվում է, որ մինչև տարվա վերջ լավագույն դեպքում կավարտվեն ադրբեջանական կողմի վերանորոգման աշխատանքները:

Այսպիսով, համադրելով երեք կողմերի հայտարարությունները՝ ստանում ենք, որ վերջիններս երկաթուղու աշխատանքների ավարտը և շահագործումը ակնկալում են 2017 թվականին, սակայն սա ևս կապված է աշխատանքների հետագա ընթացքից: 2016-ի վերջին աշխատանքներն ավարտելու մասին հայտարարություններն առայժմ համարում ենք անհիմն:

Ավելացնենք, որ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև երկաթգծի կառուցումը մեկնարկել է 2007–ին և նախատեսում է

  • Մարաբդա-Ախալքալաք (Վրաստան) 178 կմ գծի վերականգնումը, վերակառուցումը:
  • Ախալքալաքից դեպի Կարս 98 կմ երկարությամբ նոր ուղու կառուցում՝ որից 30 կմ-ը՝ Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի սահման), և 68 կմ՝ Կարծախ-Կարս երկաթուղիների կառուցում (Թուրքիայի տարածք):
  • Վրացական կողմում նշված 30 կմ հատվածում «եվրոպական ուղիների» չափանիշներով երկաթգծի կառուցում, որը պետք է միանա նույն չափանիշներով կառուցված թուրքական երկաթուղային ցանցին:

Նախագծի սկզբնական արժեքը հայտարարվել էր  422 մլն ԱՄՆ դոլար, որից 202 մլն դոլարը նախատեսված էր ծախսել վրացական, իսկ 220 մլն դոլարը՝ թուրքական կողմի աշխատանքներում: Սակայն աշխատանքերի իրականացման ընթացքում ծախսվել են նախապես որոշվածից անհամեմատ ավելի շատ միջոցներ, իսկ աշխատանքները դեռևս չեն ավարտվել: Նախագծի ընդհանուր արժեքը 2008 թվականի վերջին, արդեն իսկ գերազանցում էր 600 մլն ԱՄՆ դոլարը:

ԿարսԱխալքալաք (նոր) Թուրքիա Վրաստան
Գծի երկարությունը, կմ 75,9 28,9
Գծերի քանակը            1             1
Նախատեսված առավելագույն արագությունը, կմ/ժ 120 90
Ռելսերի լայնությունը («եվրո»), մմ 1435 1435
Թունելի երկարությունը, մ 2250
Կամուրջների թիվը 12 2
Կայարանների թիվը 3 0
ԱխալքալաքՄարաբդա երկաթգծի վերականգումը
Վերակառուցման արժեքը, մլն դոլար 99

2016-ի մայիսի 19-ին «Ադրբեջանի երկաթգծեր» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը հայտնել էր, որ երկաթգծով բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 5 միլիոն տոննա , որն աստիճանաբար կաճի մինչև  17 միլիոն տոննա:

2013թ. ընկերության նախկին նախագահ Արիֆա Ասկերովն իր հերթին հայտարարել էր, որ Վրաստանում կվերակառուցվի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղային հատվածը, ինչը թույլ կտա տարեկան 15 միլիոն տոննա բեռ տեղափոխել:

Հոդվածի հեղինակ՝ Զեմֆիրա Եգանյան
Մասնակցությամբ՝ Տարոն Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *