Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում հունիսի 7-10-ը ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում գնահատման այց է իրականացրել Էստոնիայի բազմազգ գնահատման խումբը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը:
Գնահատման այցի արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք կատարում է ստանձնած պարտականությունները: Այցի ավարտին տեսչական խումբը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին թափանցիկության և հյուրընկալ վերաբերունքի համար:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ն էլ Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբը «Նշված շրջանի» տեսչություն է անցկացրել Հայաստանի Հանրապետության տարածքում: Տեսչական խումբն այն ժամանակ այցելել է 3-րդ բանակային կորպուսի զորամասեր:
Վիեննայի 2011 թվականի Փաստաթղթի մասին
Սպառազինություների վերահսկման, զինաթափման եւ անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող ԵԱՀԿ հիմնական կառույցներն են Անվտանգության համագործակցության ֆորումը և Հակամարտությունների կանխարգելման կենտրոնը:
Անվտանգության համագործակցության Ֆորումի գործունեության ոլորտը ներառում է 2011թ. Վիեննայի փաստաթուղթը, ԵԱՀԿ Անվտանգության ռազմաքաղաքական վարքի կանոնակարգը, Ռազմական տեղեկատվության համընդհանուր փոխանակման մասին փաստաթուղթը, ինչպես նաև հակահետևակային ականներին, փոքր սպառազինություններին և թեթև զինատեսակներին միջնորդության ազգային կարողությանը, զինաթափման վերահսկման, արտահանման վերահսկմանը վերաբերող համագործակցության հարցերը: Այդ ամենը ենթադրում է համապատասխան տեղեկատվության ամենամյա փոխանակում, իսկ Վիեննայի փաստաթղթի պարագայում, անդամ պետությունների կողմից իրենց պարտավորությունների կատարումը ստուգելու համար յուրաքանչյուր երկրի կողմից մյուս անդամ երկրների տեսչական խմբերի և գնահատման այցերի ընդունման պարտավորություն: Այսպես, յուրաքանչյուր տարի Հայաստանը Վիեննայի փաստաթղթի շրջանակներում ընդունոմ է 3 տեսչական և մեկ գնահատման այց: