ՄԱԿ-ում ներկայացվել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը

Հունիսի 3-ին ՄԱԿ անդամ պետությունների ոստիկանապետերի խորհրդակցության ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ներկայացրել է ՀԱՊԿ ոստիկանական խաղաղապահ ուժերը և հայտնել, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է ՄԱԿ մանդատով խաղաղապահ առաքելությունների ուղարկել իր ստորաբաժանումները: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը:

Հայաստանյան խաղաղապահ զորախումբը ՀԱՊԿ-ում

Հայաստանյան խաղաղապահ զորախումբը ՀԱՊԿ-ում

Սեմերիկովը հայտնել է, որ ՀԱՊԿ մասնագետները անդամ պետությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների ներգրավմամբ աշխատում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ոստիկանական զորախումբ ստեղծելու ուղղությամբ: Այդ զորախումբն, ըստ Սեմերիկովի, կարողանալու է տեղակայվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս՝ այլ պետությունների տարածքում և մասնակցել ՄԱԿ ԱԽ մանդատով անցկացվող խաղաղապահ առաքելություններին:

ՄԱԿ հովանու ներքո խաղաղապահ առաքելություններին ՀԱՊԿ ստորաբաժանումների մասնակցությունը ՀԱՊԿ քարտուղարի տեղակալը քննարկել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղության պահպանման գործողությունների գծով տեղակալ Էրվե Լադսուսի հետ: Սեմերիկովը տեղեկացրել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն ունեն 3500 հոգանոց անձնակազմ, որից 800-ը՝ ոստիկանական:

Ավելի վաղ 2015-ի սեպտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ կազմակերպության միակ զինված ստորաբաժանումը, որ կարող է կիրառվել կազմակերպության անդամ պետությունների սահմաններից դուրս, հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումն է (մոտ 3500 զինծառայող), սակայն այն այլ պետության տարածքում կիրառելու թույլտվություն պիտի տա ՄԱԿ անվտանգության խորհուրդը:

«Արդեն երկար տարիներ ՄԱԿ համապատասխան ստորաբաժանումների հետ ինտենսիվ աշխատելով՝ մենք նշում ենք մեր տարածքներից դուրս, մասնավորապես Աֆրիկայում, Ասիայում և որտեղ պետք է, մեր խաղաղապահների կիրառման հնարավորության մասին, — նշել է ՀԱՊԿ քարտուղարը, — Ձեռքս սրտիս դնելով կասեմ, որ այլ հարց է, որ մենք առանձնապես ակտիվ չենք, որովհետև օրինակ ես կարծում եմ, որ մենք չպետք է մեր զինվորներին ուղարկենք Աֆրիկայում ինչ-որ տեղ երկու հակամարտող կողմերի միջև կենդանի պատ դառնալու: Այնտեղ կան սեփական խաղաղապահ ստորաբաժանումներ, Աֆրիկյան միությանը, ես կարծում եմ՝ նրանց համար այնտեղ ավելի հեշտ է, քան մեր ռուսաստանցի կամ ղազախստանցի կամ տաջիկստանցի տղաների համար»:

Ավելացնենք, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ստեղծվել են ՀԱՊԿ պետությունների՝ 2007-ին կնքած համաձայնագրի հիման վրա: Ամեն տարի ՀԱՊԿ այս զորախումբն անցկացնում է «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը (2015-ին անցկացվել է Հայաստանում):

Բացի հավաքական խաղաղապահ ուժերից, ՀԱՊԿ կազմում գործում են նաև օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, որոնք ՀԱՊԿ տարածքից դուրս կիրառվելու մանդատ չունեն: Ներկայում ընթացքի մեջ է նաև ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման գործընթացը, որի նպատակն է հեշտացնել ՀԱՊԿ հավաքական ուժերի տեղափոխումները, սպառազինությունների մատակարարումը և այլն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *