Թուրքիայում ավարտվել է «Էֆես-2016» միջազգային զորավարժությունը

Հունիսի 4-ին ավարտվել է Թուրքիայում 9 երկրներից 7,5 հազար զինծառայողի մասնակցությամբ «Էֆես–2016» (Efes–2016) մեկամսյա զորավարժությունը, որին ներգրավված էին նաև Ադրբեջանի ԶՈւ 30 զինծառայողներ:

Զորավարժությունների ընթացքում՝ մայիսի 31-ին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ նույն օրը վարժանքների ընթացքին հետևել են Թուրքիայի նախագահը, ԶՈւ ԳՇ պետը, ինչպես նաև մասնակից և դիտորդ երկրների ԶՈւ հրամկազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

Մայիսի 4 – հունիսի 4-ին Թուրքիայում անցկացված «Էֆես–2016» միջազգային զորավարժություն

Մայիսի 4 – հունիսի 4-ին Թուրքիայում անցկացված «Էֆես–2016» միջազգային զորավարժություն

Մայիսի 4-ին մեկնարկած վարժանքներն անցկացվում էին Իզմիրի ծովածոցում (Թուրքիայի արևմուտքում), ափամերձ շրջանների զորավարժարաններում, ինչպես նաև Անկարայի նահանգում:

Զորավարժությանը ներգրավված 7,5 հազար զինծառայողներից 900-ը ներկայացնում էին Գերմանիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Ադրբեջանը (30 զինծառայող):

Տարբեր փուլերով անցկացված վարժանքներից մեկում Թուրքիայի, Ադրբեջանի, Լեհաստանի, Քաթարի և Ս. Արաբիայի զորախմբերից մեկական նշանառուներ փորձարկել են բնակելի վայրերում պայմանական ահաբեկիչների դեմ գործողությունների անցկացման կարգը:

Մայիսի 31-ին թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը հայտնել էր, որ զորավարժության նախապես մշակված սցենարի համաձայն՝ ստորաբաժանումները խաղարկել են պայմանական «Արնլանդ» (Arnland) և «Տորրիկե» (Torrike) անուններով հարևան պետությունների պատերազմը:

Համաձայն սցենարի՝ Տորրիկեն գրավել է Արնլանդին պատկանող կղզիներից մեկը, ինչից հետո վերջինս դիմում է ՄԱԿ-ին, որը Թուրքիային թույլ է տալիս կազմավորել «բարեկամ պետությունների կոալիցիա» (զորավարժությանը մասնակցող մյուս պետությունների հետ): Դաշնակից ուժերն ազատագրում են Տորրիկեի օկուպացրած կղզին:

Հավելենք, որ մայիսի 15-ին Ս. Արաբիայի ԶՈւ ներկայացուցիչների մեկը հայտնել էր, որ վարժանքների ընթացքում ստորաբաժանումները փորձարկելու են տեղակայման վայրերից մարտական գործողությունների իրականացման վայրեր փոխադրման, այդ թվում՝ «բազմազգ շրջաններում հիբրիդային գործողություններ»:

Թուրքական «Հաբեր թյուրք» պարբերականի կայքի հրապարակած տեսանյութը՝ «Էֆես-2016» զորավարժությունից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *