Թուրքիայում մեկնարկել են Ադրբեջանի և Վրաստանի հատուկջոկատայինների հետ համատեղ վարժանքները

Հունիսի 4 – 12-ին Թուրքիայում Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվելու են «հատուկ նշանակության ուժերի բազմազգ» վարժանքներ, որոնք միտված են նշված 4 երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև փորձի փոխանակմանը:  Այս մասին հունիսի 4-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Վարժանքներն անցկացվելու են  Թուրքիայի ԶՈւ «Լեռնային կոմանդոսների դպրոցի» և «Ուսումնական կենտրոնի» հրամանատարության ջանքերով, որոնք զբաղվում են «ահաբեկիչների դեմ պայքարի համար» հատուկջոկատայինների պատրաստմամբ:

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ` «բոսորագույն բերետավորներ» (Bordo Bereliler)

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատ` «բոսորագույն բերետավորներ» (Bordo Bereliler)

Զորավարժության հայտարարված նպատակը մասնակից երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև փորձի փոխանակումն է, ինչպես նաև համատեղ գործողությունների մեխանիզմների մշակումն ու կատարելագործումը:

Թուրքիայի ԶՈւ-ից վարժանքներին ներգրավվելու են ցամաքային զորքերի «Լեռնային կոմանդոսների դպրոցի» և «Ուսումնական կենտրոնի հրամանատարության» (հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստման ուսումնական հաստատություններ), ինչպես նաև ցամաքային զորքերի ավիացիայի հրամանատարության ստորաբաժանումները:

Ադրբեջանից, Վրաստանից և Բուլղարիայից զորավարժությանը ներգրավվելու են մեկական հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնց վերաբերյալ հավելյալ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի այս հատվածում Թուրքիայում անցկացվել էին նմանատիպ վարժանքներ, որոնց նշված մասնակիցներից միայն Բուլղարիայի ԶՈւ ներկայացուցիչները չէին մասնացում: Անցյալ տարվա վարժանքները կրում էին «Կովկասյան արծիվ» խորագիրը:

Հավելենք, որ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի հատուկջոկատայինների «Կովկասյան արծիվ» վարժանքներն անցկացվում են 2012 թվականից՝ նույն թվին ստորագրված համաձայնության հիման վրա:

One response to “Թուրքիայում մեկնարկել են Ադրբեջանի և Վրաստանի հատուկջոկատայինների հետ համատեղ վարժանքները

  1. Pingback: Թուրքիայում ավարտվել է Ադրբեջանի և Վրաստանի հատուկջոկատայինների ներգրավմամբ զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *