Կառավարությունը սոցիալական երաշխիքներ է սահմանել կամավորականների համար

Այսօր՝ հունիսի 2-ին, ընդունած որոշումներից մեկով Հայաստանի կառավարությունը սոցիալական երաշխիքներ է սահմանել ապրիլյան մարտերին մասնակցած կամավորականների համար՝ նրանց, ըստ էության, հավասարեցնելով զինծառայողներին:

Կամավորականն Արցախի առաջնագծում, ապրիլ 2016. լուսանկարը «Պանարմենիան» գործակալության

Կամավորականն Արցախի առաջնագծում, ապրիլ 2016. լուսանկարը «Պանարմենիան» գործակալության

Համաձայն «ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» որոշման հիմնավորման՝ այսօր ՀՀ օրենսդրությամբ որոշակի սոցիալական երաշխիքներ են սահմանված ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ինչպես նաև հաշմանդամ դարձած անձանց համար: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, 1994-ից հետո առաջին անգամ ձևավորվեցին կամավորական ջոկատներ, որոնք մեկնեցին մարտական գործողությունների գոտի և մասնակցեցին ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին:

Կամավորները, կամավորականի զոհվելու դեպքում նրանց ընտանիքների անդամները չեն օգտվում զինծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքներից: Ըստ այդմ՝ կառավարության այս որոշմամբ սահմանվում է, որ 2016թ. ապրիլի 1-ից հետո կամավորական ջոկատների կազմում մարտական գործողությունների գոտի մեկնած՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ստացած վնասվածքներից հաշմանդամ դարձած անձանց, իսկ զոհվելու դեպքում` նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է զինծառայողի համար սահմանված կարգով: (Կարգի մասին մանրամասն նշված է այստեղ և այստեղ):

Հաշվի առնելով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը՝ նախատեսվում է, որ զոհված կամավորականի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զոհված զինծառայողի ընտանիքի անդամի համար սահմանված կարգով, իսկ հաշմանդամ դարձած կամավորականը՝ պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար սահմանված կարգով:

Արդյունքում՝ կամավորական ջոկատների կազմում ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած անձանց սոցիալական երաշխիքները կհավասարեցվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական երաշխիքներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *