[Թարմացված] Կաշառք ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետը

Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՊՆ զինկոմիսարիատներից մեկի աշխատակցի, մանրամասները՝ հաջորդիվ:

Այսօր՝ հունիսի 2-ին մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ՝ մայիսի 30-ին, ձերբակալվել էին ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը:

Թարմացում. Հունիսի 2-ին Քննչական կոմիտեի կայքը հաղորդում է, որ փոխգնդապետ Շ.Ավետիսյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, քաղաքացին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հաղորդել է, որ որդու պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու հարցերով 2016թ. մայիսի սկզբներին գնացել է զինկոմիսարիատ, որտեղ նույն զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետը պահանջել է 12 հազար ԱՄՆ դոլար կաշառք՝ որդուն 3 տարի ժամկետով տարկետման տրամադրումը կազմակերպելու համար։

Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում պահանջված գումարի մի մասը՝ նախապես մշակված 5.000 ԱՄՆ դոլարը, հունիսի 1-ին տրվել է քաղաքացուն, ինչը վերջինս նույն օրը երեկոյան փոխանցել է բաժանմունքի պետին՝ պայմանավորված վայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Օրենքով սահմանված կարգով Ավետիսյանի ավտոմեքենայում իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա հանդիսացող 5.000 ԱՄՆ դոլարը: Ավետիսյանը ձերբակալվել է և հարցաքննվել։

Նախնական քննության տվյալներով՝ զորակոչի տարիքի երիտասարդն ունեցել է առողջական խնդիրներ՝ հարթաթաթություն և նյարդային խանգարում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *