Լիբանանում անցկացվել է ՀՀ խաղաղապահ զորախմբի հերթափոխ

Մայիսի 30-ին Լիբանանի հարավային Շամա բնակավայրում տեղակայված ՄԱԿ-ի զինավանում՝ UNIFIL-ի (The United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի կենտրոնակայանում կայացել է հայաստանյան զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության կայքը:

Լիբանանում ՀՀ խաղաղապահները

Լիբանանում ՀՀ խաղաղապահները

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, արարողությունից առաջ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտիին: Հանդիպմանը մասնակցել են նաև հայաստանցի խաղաղապահների 3-րդ և 4-րդ զորախմբերի հրամանատարները:

Հանդիպմանն Արտուրո Նիտտին ներկայացրել է առաքելության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները:  Խոսելով ՀՀ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածության, կարգապահության և բազմազգ միջավայրում աշխատելու ունակությունների մասին՝ գեներալ Նիտտին առանձնահատուկ նշել է հայկական զորախմբի արագ ինտեգրման կարողությունը:

Իր հերթին դեսպան Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի կազմավորմանը, ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան լիարժեք գործառնական կարողությունների ձևավորմանը, Կոսովոյի ուժերին և Աֆղանստանի գործողություններին մասնակցության փորձառությանն առնչվող հարցերի:

Պաշտոնական արարողության ժամանակ ծառայությունն ավարտող ՀՀ խաղաղապահների 3-րդ զորախումբը լիազորությունները փոխանցել է Լիբանան ժամանած հաջորդ՝ 4-րդ զորախմբին: Միջոցառմանը ելույթ են ունեցել կենտրոնակայանի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտին, կենտրոնակայանի մարտական աջակցության գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ջուզեպպե Անեկկան և ՀՀ խաղաղապահների 3-րդ զորախմբի հրամանատար, մայոր Գևորգ Սայադյանը:

ՀՀ խաղաղպահ զորախմբերի հերթափոխի արարողությունը

ՀՀ խաղաղպահ զորախմբերի հերթափոխի արարողությունը

Գեներալ Արտուրո Նիտտին շնորհակալություն է հայտնեց ՀՀ խաղաղապահներին՝ բարեխիղճ և բարձր մակարդակով ծառայություն իրականացնելու համար: Պաշտոնական հանդիսությունը եզրափակվել է խաղաղապահների 3-րդ զորախմբի զինծառայողների պարգևատրմամբ: Վերջիններիս հանձնվել է ՄԱԿ-ի հատուկ մեդալներ` առաքելությունը հաջող ավարտելու կապակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանի զինված ուժերի ներկայացուցիչը, զինավանի սպայական անձնակազմը, կենտրոնակայանում առաքելություն իրականացնող այլ երկրների խաղաղապահներ:

ԱԳՆ տեղեկանք. UNIFIL-ի Խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտիի հրամանատարության տակ գտնվող հատվածում ծառայում են 13 երկրների 3800 զինծառայողներ:

2 responses to “Լիբանանում անցկացվել է ՀՀ խաղաղապահ զորախմբի հերթափոխ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 մայիսի – 4 հունիսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը վերադարձել է Լիբանանից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *