Հնարավոր է Վրաստանը մեծացնի Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում իր զորախմբի թվաքանակը

Մայիսի 30-ին Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին առաջարկվել է մեծացնել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում առաքելություն իրականացնող վրաստանցի զինծառայողների թիվը: Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Վրաստանի ԱԱԽ նիստ Աջից՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին:

Վրաստանի ԱԱԽ նիստ
Աջից՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին:

«ԱԱԽ-ն առաջարկել է նախագահին խորհրդարանին ներկայացնել ԿԱՀ-ում վրաստանյան զորախմբի թվաքանակի մեծացման հարցը: Այսօր այնտեղ ծառայում է 5 զինծառայող, մենք ուզում ենք ուղարկել մեկ դասակ»,— հայտարարել է ԱԱԽ քարտուղար Իրինա Իմերլիշվիլիին՝ հուսալով, որ խորհրդարանը կհաստատի իրենց առաջարկը:

Հավելենք, որ ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, վրաստանյան խմբի հիմնական առաջադրանքն արագ արձագանքման գործողություն իրականացնելն է, ինչպես նաև Եվրոպայից ժամանած հատուկ մարդկանց խմբով ուղեկցելն ու պաշտպանելը։ Վրաստանցի զինծառայողներն առաքելություն են իրականացնում 6 ամսվա ընթացքում: Զինծառայողների տեղափոխման բոլոր ծախսերը հոգում են Ֆրանսիան և ԵՄ-ն։

Տեղեկացնենք, որ ԵՄ-ն կարողանում է այդ երկրում խաղաղապահ առաքելություն իրականացնել ՄԱԿ-ի թույլտվությամբ։ Առաքելությունը մեկնարկել է 2014թ. փետրվարից։

Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրվել է համաձայնագիր Եվրամիության և Վրաստանի միջև, ըստ որի՝ վրաստանյան կողմը կարող է մասնակցել ԵՄ կողմից ճգնաժամային իրավիճակներում գործողությունների իրականացմանը։ Այդ պահից էլ Վրաստանը ԵՄ-ից ստացել է խաղաղապահ առաքելություն իրականացնելու հրավեր, այդ թվում նաև՝ աֆրիկյան երկրների համար։ Վրաստանն առաջարկը քննել է 2014թ. փետրվարի 20-ին կառավարության նիստում, որի ժամանակ էլ կառավարությունը համաձայնել է վրաստանյան կողմի ներգրավմանը։

2014թ. հոկտեմբերին այն ժամանակվա պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ վրաստանյան 150 հոգանոց զորախումբը դեկտեմբերին դուրս է գալու աֆրիկյան այդ երկրից՝ էբոլա վիրուսով չվարակվելու համար։ Սակայն, ինչպես երևում է, Վրաստանը շարունակել է մասնակցել առաքելությանը, սակայն զգալի կրճատել է իր զորախմբի թվաքանակը:

ԿԱՀ-ում իրավիճակը լարվել է 2013թ. դեկտեմբերից, երբ Բանգի մայրաքաղաքում բախումներ են եղել իսլամիստ զինյալների և քրիստոնյա ապստամբների միջև։ ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ փախստական է դարձել, հազարավորներն էլ զոհվել են։ Նախագահ Միշել Ջոտոդիան 2014-ի հունվարի 10-ին հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ ի զորու չէ հանգուցալուծել երկրում ստեղծված իրավիճակը։

Այժմ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆրիկյան միությունը, Ֆրանսիան ու Եվրամիությունը։

One response to “Հնարավոր է Վրաստանը մեծացնի Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում իր զորախմբի թվաքանակը

  1. Pingback: Վրաստանի խորհրդարանի հաստատումից հետո ԵՄ-ի առաքելության համար ԿԱՀ կգնա զինված ուժերի 1 դասակ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *