ՀՀ նախագահը ՀԱՊԿ քարտուղարի հետ քննարկել է Հայաստանում ընթացող զորավարժությունը

Այսօր՝ մայիսի 26-ին, ՀՀ Նախագահ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-ից 26-ը Հայաստանում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ նախագահի և ՀԱՊԿ քարտուղարի հանդիպումը՝ ՀՀ ոստիկանապետի մասնակցությամբ

ՀՀ նախագահի և ՀԱՊԿ քարտուղարի հանդիպումը՝ ՀՀ ոստիկանապետի մասնակցությամբ

Նախագահ Սարգսյանը հույս է հատնել, որ խորհրդակցության օրակարգում ներառված արդիական հարցերի լուծման արդյունավետ մեխանիզմների մշակումը և «Կոբալտ-2016» զորավարժության շրջանակներում օպերատիվ-տեխնիկական խնդիրների հաջող իրականացումը թույլ կտան առաջընթաց արձանագրել միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդեցության, Արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման կատարելագործման հարցում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է այդ սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ համակարգված միջոցառումների մշակման համար համապատասխան իրավական և գործնական հիմքերի ձևավորման անհրաժեշտությունը: Այդ առումով, Նախագահը համոզվածություն է հայտնել, որ կազմակերպչական և գործնական բնույթի համալիր միջոցառումները, որոնք կմշակվեն «Կոբալտ-2016» զորավարժության ընթացքում, ինչպես նաև այլ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, կնպաստեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում միջազգային ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցագործություններին հակազդեցության ոլորտում համատեղ օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:

ՀԱՊԿ ՕԱՀՈւ «Կոբալտ-2016» զորավարժությանը մասնակցող ստորաբաժանումները

ՀԱՊԿ ՕԱՀՈւ «Կոբալտ-2016» զորավարժությանը մասնակցող ստորաբաժանումները

Նիկոլայ Բորդյուժան նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է Երևանում անցկացված միջոցառումների մասին, ընդգծելով, որ մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից դրանք բարձր են գնահատվել, իսկ զորավարժությունը համարվել է անցկացված ամենահաջող զորավարժություններից մեկը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններին, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցությանը վերաբերող հարցերի:

Ավելացնենք, որ մայիսի 24-26-ին անցկացվող «Կոբալտ» զորավարժությանը մասնակցում են ՀԱՊԿ անդամ 6 պետությունների ոստիկանական հատուկ նշանակության ստորաբաժանումների 600 ծառայողներ: Զորավարժության նպատակներից են ահաբեկչությունների կանխարգելման վարժանքների անցկացումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *