[Լրացված] Զինծառայողի սպանության դեպքի առթիվ ձերբակալվել է կասկածյալ

Մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանը՝ կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք ախտորոշմամբ: Վերջինս, «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու կասկածանքով մայիսի 26-ին ձերբակալվել է ժամկետային զինծառայող Գ.Կոսոբոգլյանը։

Նախաքննության տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է եղել Հ.Գևորգյանի և նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի՝ շարքային Գ.Կոսոբոգլյանի միջև։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ վերջինս սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Հ.Գևորգյանի կրծքավանդակի հատվածին։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն), կազմվել է քննչական խումբ, ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ զինծառայողի սպանության հանգամանքները պարզելու համար: Նախաքննությունը շարունակվում է։

Մայիսի 25-ին մահացած ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանի սպանության գործով նոր զարգացումներ կան: Ձերբակալվել է նաև ժամկետային զինծառայող՝ ավագ սերժանտ Կարապետյանը:  Կոսոբոգլյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ քննիչի հայցը բավարարվել է։

[Լրացում] 2016-ի դեկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ  զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, բացահայտվել են դեպքի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:

2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանը՝ «կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ:  Վերջինս «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15:55-ի սահմաններում, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները, շարժառիթը առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու  ուղղությամբ։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սերժանտը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, զորամասերից մեկի ճաշարանում հնչեցրած դիտողության պատճառով առաջացած վիճաբանության արդյունքում։ Դիտողության շուրջ վիճաբանությունն ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի՝ մի շարք այլ զինծառայողների մասնակցությամբ, որի ժամանակ էլ ձեռքերով և ոստքերով տարբեր հարվածներ են հասցվել Հակոբ Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, ապա նաև՝ դանակով՝ նրա կրծքավանդակի ձախ հատվածին։

Քննության արդյունքում պարզվել է, որ նույն միջադեպի ժամանակ մարմնական վնասվածքներ են պատճառվել նաև այլ զինծառայողների։ Քննությամբ հստակեցվել է մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի.

Գևորգ Կոսոբոգլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է կիրառվել կալանավորումը:

Վարդիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։

Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Սերոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

2 responses to “[Լրացված] Զինծառայողի սպանության դեպքի առթիվ ձերբակալվել է կասկածյալ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22–28 մայիսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է, երկրորդը՝ ձերբակալվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *