Վրաստանում ավարտվել է միջազգային Noble Partner-2016 զորավարժությունը (ֆոտո)

Այսօր՝ մայիսի 24-ին, վրաստանյան «Վազիանի» զորավարժարանում ցուցադրական զորավարժության անցկացումով ավարտվել է մայիսի 11-ից մեկնարկած ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջազգային «Noble Partner-2016» (Ազնիվ գործընկեր) զորավարժությունը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը։

Ամերիկյան М1А2 «Abrams» տանկը կրակելիս

Ամերիկյան М1А2 «Abrams» տանկը կրակելիս

Համատեղ ցուցադրական վարժանքին ներգրավվել են ամերիկյան մեկ միավոր М1А2 «Abrams» տանկ, մեկ միավոր «Բրեդլի» հետևակի մարտական մեքենա, ամերիկյան 105-մմ М119А1 հաուբից, Վրաստանի ԶՈւ հաշվեկշռից՝ Տ-72 տանկ, ԲՄՊ-2, ամերիկյան UH-1H «Իրոկեզ» ուղղաթիռ, MEDEVAC  տարհանման մեքենաներ։ Վարժանքի սցենարով պայմանական հակառակորդին առաջին հարվածը հասցրել են դիպուկահարները, այնուհետև գործի է դրվել  ավիացիան, մասնավորապես, Վրաստանի ԶՈւ Սու-25 գրոհիչները։ Ավիահարվածներից հետո արդեն համատեղ զորախումբը հակառակորդին հարվածներ է հասցրել հրետանիով և զրահատեխնիակայով։ Ցուցադրական գործողությունն ավարտվել է հետևակային ստորաբաժանման հարձակումով։

Ամերիկյան UH-1H «Իրոկեզ» ուղղաթիռն ու MEDEVAC տարհանման մեքենան զորավարժության ընթացքում

Ամերիկյան UH-1H «Իրոկեզ» ուղղաթիռն ու MEDEVAC տարհանման մեքենան զորավարժության ընթացքում

Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն,Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին, Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Հոլ Հոլը, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ։

Միջոցառման ավարտին Թինա Խիդաշելին խոսել է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին, մասնավորապես նշելով.

«Նմանատիպ ցանկացած զորավարժություն Վրաստանի զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման երաշխիք է։ Չնայած զինված ուժերի մերձեցումը բավարար չէ, այս գործընթացի համար քաղաքական համաձայնություն է պետք։ Այն փաստը, որ այսօր մեզ ներկայացված է վրաստանյան այն վաշտը, որն արդեն պաշտոնապես ՆԱՏՕ-ի վաշտ է, փաստում է, որ այս տարվա ընթացքում առաջ ենք գնացել։ Բայց ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ վերջանական որոշման համար պետք է 28 երկրի [ՆԱՏՕ-ի անդամ երկրների թիվը—Razm.info] համաձայնությունը, ինչը կախված չէ միայն նրանից, թե որքան ուժեղ, պատրաստված և չափանիշներին [նկատի ունի ՆԱՏՕ-ի —Razm.info] համապատասխան է մեր ԶՈւ-ն»,—հայտարարել է Խիդաշելին։

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին

Նշենք, որ Noble Partner 2016 զորավարժության նպատակն էր ստուգել վրաստանցի զինծառայողների փոխգործակցությունը մյուս զինծառայողների հետ։ Երեկ՝ մայիսի 23-ին, Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը ցուցադրական զորավարժություն էր արել և անցել ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակը» (NATO Evaluation Level 2 — NEL-2)։ Վարժանքի բարեհաջող անցկացումից հետո վաշտը վերջնականապես 3 տարով դարձել է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի ( NRF) մաս։

Ցուցադրական զորավարժությանը մասնակցած զինծառայողները

Ցուցադրական զորավարժությանը մասնակցած զինծառայողները

Հիշեցնենք, որ զորավարժության համար մայիսի 9-ին Վրաստան էին ժամանել 650 ամերիկացի (Եվրոպայում ԱՄՆ հրամանատարությունից) և 150 բրիտանացի զինծառայողներ։ Վրաստանում նրանց միացել է ևս 500 վրաստանցի զինծառայող։ Զորավարժության բացմանը ներգրավվել էին նաև ամերիկյան 3 միավոր C-130 և մեկ միավոր С-17 բեռնատար ինքնաթիռներ, որոնցից դեսանտավորվել են վարժանքներին մասնակցող անձակզմը և մի քանի միավոր զինտեխնիկա։

Ամերիկյան կողմից զորավարժությանը մասնակցել են զինված ուժերի 173-րդ օդադեսանտային բրիգադի դաշտային հրետանու 319-րդ գնդի 4-րդ գումարտակի «Բրավո» վաշտը, նույն բրիգադի 503-րդ հետևակային գնդի 2-րդ գումարտակի հակատանկային վաշտը, առաջին հեծելազորային դիվիզիայի և 3-րդ հետևակային դիվիզիայի ստորաբաժանումները։ Վրաստանյան կողմից առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը։

Առաջին անգամ Noble Partner զորավարժությունը Վրաստանում անցկացվել է 2015 թվականին։

2 responses to “Վրաստանում ավարտվել է միջազգային Noble Partner-2016 զորավարժությունը (ֆոտո)

  1. Pingback: Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի ԶՈւ ԳՇ պետն ու Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալը | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանում սպառնալիք են համարում Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *