ՀՀ ԱԺ ներկայացուցիչներն այցելել են ռազմարդյունաբերական ձեռնարկություններ

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ մայիսի 21-ին աշխատանքային այցով եղել է Չարենցավանում` ռազմարդյունաբերական ոլորտի խնդիրներին ու հնարավորություններին տեղում ծանոթանալու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:

Խորհրդարանականների այցը ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկը

Խորհրդարանականների այցը ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկը

Հանձնաժողովի անդամները նախ այցելել են Չարենցավանի հաստոցաշինական գործարան, որն զբաղվում է հայկական բանակի զրահատեխնիկայի և հրետանային համակարգերի նորոգմամբ և արդիականացմամբ: Հանձնաժողովականները ՀՀ ՊՆ ռազմատեխնիկական ծառայության պետ, գնդապետ Կամո Միրզոյանի և գործարանի տնօրեն Հովիկ Ղարախանյանի ուղեկցությամբ շրջել են գործարանի տարածքում, ծանոթացել արտադրամասերի աշխատանքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, հետաքրքրվել օրենսդրական լուծում պահանջող խնդիրներով, ինժեներական անձնակազմի պատրաստվածությամբ: Ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են գործարանի զարգացման հեռանկարները:

Նրանք եղել են նաև հաստոցաշինական գործարանի չափիչ գործիքների լաբորատորիայում, որն իրականացնում է որակի հսկման աշխատանքներ:

Այնուհետև խորհրդարանականներն այցելել են «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական ռազմարդյունաբերական ձեռնարկություն, որը զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, ինչպես նաև արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր և ռազմական նշանակության այլ գույք: Այստեղ ևս ԱԺ պատգամավորները շրջել են տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, ուսումնասիրել պատրաստի արտադրանքի նմուշները: Տնօրեն Յարոսլավ Ռուխը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած ձեռնարկության գործունեությունը և առաջիկա ծրագրերը:

Խորհրդարանականներին ներկայացվել է «Լյուբավա-Արմենիա» ընկերության արտադրանքը

Խորհրդարանականներին ներկայացվել է «Լյուբավա-Արմենիա» ընկերության արտադրանքը

Այցի ավարտին հանձնաժողովի անդամները եղել են «Պատնեշ» ընկերությունում և ծանոթացել արտադրամասերի տեխնիկական հագեցվածությանը և աշխատանքային պայմաններին: Ընկերությունը զբաղվում է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների նորոգմամբ, արդիականացմամբ և արտադրությամբ:

Ամփոփելով այցի արդյունքները՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ հանձնաժողովը հետամուտ է լինելու ռազմարդյունաբերական ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *