Մոնտենեգրոն կդառնա ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը

Մայիսի 19-ին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները ստորագրել են Դաշինքին Մոնտենեգրոյի ասոցացման արձանագրությունը (Montenegro’s Accession Protocol), հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը:

Փաստաթղթով երկիրը կդառնա ՆԱՏՕ-ի «հրավիրված» անդամ և կկարողանա ներկա լինել ՆԱՏՕ-ի բոլոր հանդիպումներին, այդ թվում՝ հուլիսին կայանալիք Վարշավայի գագաթաժողովին, սակայն որպես դիտորդ։

Որպեսզի Մոնտենեգրոն դառնա Դաշինքի լիիրավ անդամ, այս արձանագրությունը պիտի վավերացնեն ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների խորհրդարանները: Նախատեսվում է, որ խորհրդարանների հաստատման գործընթացը կավարտվի հաջորդ տարվա գարնանը։

Մոնտենեգրոյի Դաշինքին անդամակցությանը պատրաստելու գործընթացը սկսվել է 2009 թվականից, երբ այդ երկրին 2009 թվականին հրավիրեցին միանալ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանին (MAP- Membership Action Plan )։

Իսկ անդամակցության հարցը հաստատվել է 2015 թվականի դեկտեմբերի 1-2-ը Բրյուսելում Դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը։ Հանդիպման ժամանակ Մոնտենեգրոյին հրավիրել են Դաշինքի կազմ։

Ինչ վերաբերում է Վարշավայի գագաթաժողովին, ապա այն շատ կարևոր և սպասված է մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ դառնալ ցանկացող Վրաստանի համար։ Հենց այս գագաթաժողովի ժամանակ կքննարկվեն Վրաստանի ձեռքբերումները, թերացումները, 2014 թվականի Ուելսի գագաթաժողովի ժամանակ տրված համագործակցույթյան փաթեթի կետերի կատարումը։

ՆԱՏՕ անդամ պետությունները (կապույտ) և Չեռնոգորիան (կարմիր)

ՆԱՏՕ անդամ պետությունները (կապույտ) և Մոնտենեգրոն (կարմիր)

Թեև Վրաստանում սպասելիքները բավական շատ են առաջիկա գագաթաժողովից, այնուամենայնիվ, վերջին մի քանի ամսվա, ինչպես նաև ավելի վաղ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններն այդքան էլ հուսադրող չեն, թե Վրաստանը Վարշավայում հնարավոր է ստանա ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան (MAP- Membership Action Plan ), առավել ևս՝ անդամակցություն։

Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հերթին, հասարակության հիասթափությունը, մանավանդ խորհրդարանական ընտրություններից առաջ մեղմելու համար սկսել է հայտարարել, որ Վրաստանն առաջիկա գագաթաժողովում չի պահանջելու MAP, այլ դնելու է հետագայում միայն անդամակցության հարցը։

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի ավելի վաղ հայտարարության՝ MAP-ը Վրաստանի համար անցյալ է։

Տեղեկանք ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի
MAP-ը հաստատվել է 1999 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ որպես Դաշինքի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալ ցանկացող երկրների միջև համագործակցության ձևաչափ։ MAP-ը պահանջարկների ցուցակ է, որն անհրաժեշտ է կատարել մինչև ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալը։ Չնայած այդ պահանջների կատարումը դեռ չի նշանակում, որ երկիրը կարող է ավտոմատ մտնել ՆԱՏՕ։ Այն ընդամենը ևս մեկ քայլ է, որը մոտեցնում է հնարավոր անդամակցությանը երկրին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *