Կառավարությունը հստակեցրել է զորակոչի կազմակերպման մանրամասները

ՀՀ նախագահի «2016 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-388-Ն հրամանագրի հիման վրա ՀՀ կառավարությունն այսօր՝ մայիսի 19-ին, ընդունել է ամառային զորակոչի կազմակերպման մանրամասները հստակեցնող որոշում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Ինչպես և նշված էր ՀՀ նախագահի հրամանագրում, ՀՀ կառավարության «2016 թվականի ամառային զորակոչը կազմակերպելու մասին» որոշմամբ զորակոչը կանցկացվի մայիս-հուլիս ամիսներին:

Կառավարությունը որոշել է հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը, որը կնախագահի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ մարզային (Երևանի՝ քաղաքային) զորակոչային հանձնաժողովները կղեկավարեն ՀՀ ՊՆ, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաները:

Կառավարության որոշման մեկ այլ կետով սահմանվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը՝ ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանի ղեկավարությամբ:

ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարվել է դիվանագիտական, հյուպատոսական մարմինների միջոցով ՀՀ քաղաքացիներին ծանուցել զորակոչի մասին: Իսկ իրավապահ մարմիններին հանձնարարվել է հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար քրեական հետապնդում հարուցված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին:

Բացի այդ, ոստիկանության և ԱԱԾ պետերին հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը ՀՀ սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

One response to “Կառավարությունը հստակեցրել է զորակոչի կազմակերպման մանրամասները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 15–21 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *