Զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու կարգը դեռ քննարկվում է կառավարությունում

Արցախում մարտերի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին հասցեական աջակցություն տրամադրելու վերաբերյալ կարգը ՀՀ կառավարության ներքին քննարկումների փուլում է, ինչպես հայաստանյան Panorama.am լրատվակայքին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ արդյունքներն ամփոփվելու են 10 օրվա ընթացքում, ինչից հետո կարգը հրապարակվելու է, և սկսելու են աշխատել: Ծրագրերը կազմվելու են այնպես, որ կայուն ու երկարաժամկետ եկամտի աղբյուրներ ստեղծեն ընտանիքների համար: Այս նպատակով ծրագրի մեջ ներգրավված են նաև պաշտպանության նախարարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և այլ պետական կառույցներ:

ՀՀ կառավարության այսօրվա՝ մայիսի 5-ի նիստի ավարտին էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հորդորել է մարզեր կատարվող այցելությունների ժամանակ այցելել նաև զոհված զինծառայողների ընտանիքներին:

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 15-ին ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը.

«Հանձնարարել էկոնոմիկայի նախարարին մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները: Պարոն Մինասյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար — խմբ), ժամկետը կճշտեք, մեզ կտեղեկացնեք հնարավորինս սեղմ ժամկետում»:

Իսկ ապրիլի 28-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ապրիլի սկզբի մարտերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նախարարը տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7-ի համապատասխան որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որի կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատման մեթոդաբանությունը:

Ուսումնասիրվել են ապրիլի սկզբների ռազմական բախումների հետևանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքներ: Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր ու ցանկալի զարգացումներին: Միաժամանակ, ուսումնասիրվել են ընտանիքների կոմունալ-կենցաղային հարմարությունները և այլ տվյալներ:

Աշխարհազորայինների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների իրականացումն ապահովող ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը դրվել է պաշտոնական շրջանառության մեջ:

Միաժամանակ, նախնական ուսումնասիրություն է կատարվել նաև մարտական գործողությունների հետևանքով վիրավորված և տարբեր բուժհաստատություններում բուժվող զինծառայողների կարիքները, որի շրջանակներում կատարվել է այցելություն 7 հիվանդանոց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *