ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեեղկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Իրանի դեսպանի հանդիպումը

ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Իրանի դեսպանի հանդիպումը

ՀՀ պաշտպանության նախարարը Իրանի դեսպանին տեղեկացրել է հայ-իրանական պաշտպանական համագործակցության շուրջ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում դրանք կյանքի կկոչվեն:

Դեսպանի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է նաև Արցախի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, վերջին օրերի ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվող ագրեսիվ և նոր ռազմական գործողություններ հրահրող քայլերը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր մտահոգություններն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել բոլոր ջանքերը գործադրելու խաղաղություն ու կայունություն պահպանելու ուղղությամբ: Ի թիվս այլ ոլորտների Իրանի դեսպանը կարևորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանն Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին հանդիպել է ապրիլի 27-ին Մոսկվայում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության առկա վիճակն ու հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցերը:

Նշենք, որ Արցախի շփման գծում ապրիլյան մարտերի ժամանակ լուրեր էին տարածվել, թե իբր արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Արևելյան Ատրպատական նահանգի Վերին Կոլիբեգլու գյուղում կան վիրավորներ և ավերածություններ: Ապրիլի 4-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հրավիրել և պաշտպանության նախարարությունում ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդին:

Իրանի ռազմական կցորդը չի հաստատել վիրավորների առկայության մասին տեղեկատվությունը և հայտնել է, որ իրանական կողմը դիմել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերին՝ առավելագույն ուշադրություն ցուցաբերել նման կարգի պատահարները բացառելու նպատակով:

Ճշտելով գյուղի աշխարհագրական կորդինատները, հայկական կողմը հայտնում է, որ նշված բնակավայրը գտնվում է արցախյան ուժերի թիկունքում, հետևաբար, հայկական ուժերի կողմից դրա հրետակոծումը քիչ հավանական է: Հանդիպման ընթացքում նշվել է, որ այս փաստը շատ նման է սադրանքի և չի բխում հայկական կողմի շահերից:

Ավելացնենք, որ 2015-ի մայիսին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այցելել է Թեհրան, հանդիպել ինչպես Իրանի պաշտպանության նախարարին, ինչպես նաև այցելել «ԷԹՔԱ» կազմակերպություն, քննարկել ռազմական կրթության բնագավառում հայ-իրանական երկկողմ համագործակցության ընդլայնման, թիկունքային ապահովման, մասնավորապես` մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Իսկ արդեն 2016-ի փետրվարին Իրանի ՊՆ «ԷԹՔԱ» կազմակերպության պատվիրակությունն է այցելել Հայաստան: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է պատվիրակությանը և քննարկել սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *