Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի. նախագահ Սարգսյանի հարցազրույցը «Բլումբերգին»

Ապրիլի 23-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան «Բլումբերգ» գործակալությանը և պատասխանել է Արցախի ապրիլյան պատերազմին և դրան հաջորդող փուլի վերաբերյալ հարցերին:

«Պատերազմն Արցախում կարող է վերսկսվել ամեն պահի և հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունը շատ փոքր է, — նշել է նախագահ Սարգսյանը, — և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռքբերված հրադադարը կարող է բավարար չլինել՝ կանխելու համար հարյուրավոր տանկերով ու 30 հազար հրետանային կրակոցներով ուղեկցված ապրիլյան մարտերից հետո ավելի լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը»:

Ներկայում իրավիճակը, ըստ նախագահ Սարգսյանի, ամբողջովին փոխվել է, և Հայաստանի համար «խելամիտ չէ» բանակցություններ վարել տարածքների համար՝ առանց անվտանգության երաշխիքների: «Մինչ մենք բանակցենք զինվորականները կփորձեն հակամարտությունը լուծել պատերազմով», — նշել է Սարգսյանը:

Ռուսաստանի արտգործնախարարի՝ Երևան այցի վերաբերյալ նախագահը «Բլումբերգին» տեղեկացրել է, որ Լավրովն իր հետ հակամարտության կարգավորման նոր առաջարկներ չի բերել, քանի որ լավ հասկանում է, որ անիմաստ է բանակցել քառօրյա պատերազմից անմիջապես հետո:

Նախագահը տեղեկացրել է, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախի շփման գծում ադրբեջանական վերահսկողության տակ են անցել որոշ փոքր հատվածներ հարավոււմ (հարավարևելքում) և հյուսիսում (հյուսիսարևելքում). այդ հատվածները հայկական զինուժի համար ռազմավարական նշանակություն չեն ունեցել, ինչի պատճառով էլ հետ չեն վերցվել՝ մարդկային կորուստներից խուսափելու համար:

Ռուսաստանյան խաղաղապահների մասին նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ նրանք տեղ չունեն շփման գծում: «Նախկին բանակցություններում ՌԴ խաղաղապահների տեղակայման մասին խոսակցությունները ամբողջովին անհիմն չեն եղել, սակայն ներկայում նման տարբերակ ես չեմ տեսնում, — նշել է Հայաստանի նախագահը, — եթե բանակցություններ չկան, ինչպե՞ս կարող են Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել Արցախում կամ շփման գծում»:

Սարգսյանը նաև նշել է, որ ԵԱՀԿ ամերիկացի, ֆրանսիացի և ռուսաստանցի միջնորդները (ԵԱՀԿ ՄԽ համանախագահները) պետք է վստահության ձեռքբերման միջոցառումներ անեն մինչև նոր բանակցությունները և մասնավորապես հրադադարի խախտումների մեխանիզմների մշակեն, որպեսզի թիրախավորեն պատասխանատու կողմին:

Ըստ «Բլումբերգի» հարցզրույցի՝ նախագահը բացահայտել է, որ Ադրբեջանի նախագահի հետ 2011-ի Կազանի բանակցություններից հետո ինքը պատրաստ է եղել հայկական ուժերը դուրս բերել «5 շրջաններից» և թույլ տալ խաղաղապահների տեղակայումը: Համանախագահ երկրները նույնպես կողմերին կոչ են արել ստորագրել փաստաթուղթը, որը թույլ կտար հետաձգել Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները, սակայն Ալիևը հրաժարվել է անել դա:

Նախագահի խոսքով՝ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հիմնված լինի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դրույթի վրա՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը»: Իսկ հայկական կողմն ասում է, որ Արցախի հայերը, որ Ադրբեջանից անկախություն են հռչակել 1991-ին, ունեն ինքնորոշման իրավունք:

«Դա այն ժամանակ էր, երբ Ադրբեջանը հարստանում էր նավթային փողերի հաշվին և հայտարարում էր իր ռազմական բյուջեի չափի մասին, — նշել է նախագահը: — Այն ինչ եղավ ներկայում, սպասելի էր»:

One response to “Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի. նախագահ Սարգսյանի հարցազրույցը «Բլումբերգին»

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 ապրիլի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *