Ապրիլի 21-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Այսօր՝ ապրիլի 21-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, Արցախում շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության հետևանքով հրազենային կրակից զոհվել է ՊԲ զինծառայող, 1984թ. ծնված Մարատ Ռաֆայելի Դանիելյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միաժամանակ Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ չնայած Արցախի զինված դիմակայության գոտում ապրիլի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությանը՝ հակառակորդը պարբերաբար շարունակում է իր սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, որոնք հաճախ բերում են մահվան ելքով դեպքերի:

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ առաջնային գծում տիրող իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ և ՊԲ կայքերը տեղեկացրել են, որ ապրիլի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 16 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներով հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Իսկ Արցախում՝ առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան (Հադրութ), արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հյուսիսարևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ (2 արկ) և ԱԳՍ-17 տիպի նռնականետ (2 արկ):

Հայկական զինուժի առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և իրականացնում են առաջնագծում իրադրության զարգացմանը համահունչ գործողություններ:

3 responses to “Ապրիլի 21-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *