[Թարմացված] Ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ մեկ փոխգնդապետ

Երեկ ապրիլի 18-ին, ՊԲ հարավային դիրքերի ուղղությամբ` ադրբեջանական կողմում, ականի վրա պայթյունից մահացել է այդ երկրի ԶՈւ փոխգնդապետ Ախունդով Սենան Թահիր օղլուն (Axundov Sənan Tahir oğlu):  Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` փոխգնդապետի մահվան լուրը հաստատել է երկրի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում պարզվել է, որ մահացած փոխգնդապետը հետախույզ էր, սակայն տեղեկությունը դեռևս ճշտվում է: Մեկ այլ աղբյուր նշում է փոխգնդապետի` սակրավոր լինելու մասին:

Ադրբեջանի ԶՈւ սպանված հատուկջոկատային փոխգնդապետ Ախունդով Սենան Թահիր օղլուն (Axundov Sənan Tahir oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված հատուկջոկատային փոխգնդապետ Ախունդով Սենան Թահիր օղլուն (Axundov Sənan Tahir oğlu)

Նշենք, որ երեկ` ապրիլի 18-ին, ադրբեջանական ընդդիմադիր «Meydan.tv» լրատվակայքի համակարգող, գերմանաբնակ ադրբեջանցի բլոգգեր Հաբիբ Աբդուլլաևը նշել էր, որ փոխգնդապետի հետ ականի պայթյունից մահացել են երկու այլ սպաներ, իսկ ևս մեկը` Ադրբեջանի ԶՈւ մայոր Վյուգար Աբդուլազիմովը (Vüqar Abduləzimov), վիրավորվել:

Սակայն քիչ անց փոփոխված գրառման մեջ նշվում է փոխգնդապետ Ախունդովի մահվան, ինչպես նաև փոխգնդապետ Վյուգար Աբդուլազիմովի և մայոր Բահմանովի (Bəhmənov) վիրավորվելու մասին:

Ադրբեջանի ԶՈւ նշված մյուս զինծառայողների մասին տեղեկությունը դեռևս ճշտվում է:

Թարմացում. Ավելի ուշ` ապրիլի 19-ին, Աբդուլլաևը հայտնել է, որ մահացել է միայն փոխգնդապետ Ախունդովը, իսկ փոխգնդապետ Աբդուլազիմով Վյուգար Ալլահվերեն օղլուն (Abduləzimov Vüqar Allahverən oğlu) և մայոր Պրիմով Բահման Սալման օղլուն (Pirimov Bəhmən Salman oğlu)` վիրավորվել:

Հավելենք, որ արդբեջանական պետականամետ լրատվամիջոցները Աբդուլլաևին մեղադրում են սխալ տեղեկատվություն տարածելու համար, ինչը բխում է Ադրբեջանում մամուլի հանդեպ կիրառվող խիստ սահմանափակումներից: Մասնավորապես 2014 թ. օգոստոսյան դեպքերից հետո ադրբեջանական բանակի վերաբերյալ տեղեկություններ տարածելու իրավունք ունի միայն երկրի ՊՆ-ն, ինչը հնարավորություն է տալիս թաքցնել կորուստների իրական թվերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *