Կհստակեցվի Հայաստանին մատակարարվող սպառազինության անվանացանկը. կառավարություն

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշումներից մեկով ՀՀ ՊՆ-ին հանձնարարվել է հստակեցնել Ռուսաստանի տված 200 մլն դոլարով գնվող սպառազինության անվանացանկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի դրույթների իրականացման վերաբերյալ» որոշման համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը:

Նույն որոշմամբ՝ պաշտպանության նախարարին հանձնարարվել է ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկել և ստորագրել ռազմական արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

Բացի այդ, նույն որոշմամբ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է հսկել համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարումը:

Իսկ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է մինչև 2016թ. ապրիլի 29-ը ՌԴ «Վնեշէկոնոմբանկի» հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ:

Վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին ԿԲ նախագահը հնգօրյա ժամկետում կտեղեկացնի ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Հիշեցնենք , որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սպառազինության գնման համար 200 մլն դոլար վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը Երևանում կնքվել է 2015թ. հունիսի 26-ին՝ ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի ժամանակ:

ՀՀ Ազգային ժողովում 2015-ի հուլիսի խորհրդարանական քննարկումների ժամանակ ընդգծվել է, որ Հայաստանը սպառազինությունը գնելու է արտոնյալ պայմաններով, քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև գործում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր, որը կնքվել է դեռևս 2013-ի հունիսի 25-ին: Հետագայում երկու երկրներն էլ վավերացրել են պայմանագիրը։

2016թ. փետրվարին ռուսաստանյան կողմը հրապարակել է պայմանագրի  տեքստը, ինչի արդյունքում հայտնի են դարձել ինչպես դրա պայմանները, այնպես էլ Հայաստանի պատվիրած սպառազինության ցանկը: Ձեռք բերվող սպառազինության, զինամթերքի և այլ տեխնիկայի քանակի մասին պայմանագրում տվյալներ չկան։

Պայմանագրով նախատեսվում է, որ հայկական կողմը կարող է ամեն առանձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը վճարել վարկի միջոցներից։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։

Սպառազինությունը պիտի ձեռք բերվի 2015-2017թթ., սպառազինության ցանկը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։ Վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2016թ․ փետրվարի 10-ին։

One response to “Կհստակեցվի Հայաստանին մատակարարվող սպառազինության անվանացանկը. կառավարություն

  1. Pingback: Ռուսաստանից պատվիրած զենքի մի մասն արդեն մատակարարվել է Հայաստանին. Նահապետյան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *