Պաշտպանության բանակը հայտնում է 2 կորստի և վիրավորների մասին

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել է շարքային պայմանագրային, 1983թ. ծնված Հրաչ Սամվելի Մուրադյանը:

Կան վիրավորներ: Առաջնագծի մեկ այլ՝ հյուսիսարևելյան հատվածում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1996թ. ծնված շարքային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ըստ հաղորդագրության գիշերվա ընթացքում հակառակորդը կիրառել է ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ (2000-ից ավելի կրակոց), այնպես էլ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *