ՊԲ մամուլի կենտրոնի հաղորդած տեղեկություններն ամփոփ

Այսօր՝ ապրիլի 6-ին՝ երեկոյան 7-ին, ՊԲ մամուլի կենտրոնում բանակի օպերատիվ բաժնի պետը ներկայացրել է Արցախի սահմանագոտու անցուդարձը: Գնդապետ Վիկտոր Առստամյանը ներկայացրել է առաջնագծում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները, կորուստները և այլն:

Գնդապետ Առստամյանի տված տեղեկություններով՝ օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է մերթ ընդ մերթ խախտել նախօրեին ձեռքբերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին և կրակել է շփման գծի ամբողջ երկայնքով:

Հրազենից ու մասնավորապես խոշոր տրամաչափի գնդացիրներից բացի, հյուսիսային ուղղությամբ թշնամին կրակել է 82 մմ ականանետով, արևելյան և հարավային ուղղությունների վրա թշնամին կրակել է 60 մմ ականանետով:

Հյուսիսային ուղղությամբ թշնամին, տանկով կրակելով, խոցել է սանիտարական մեքենա, որը գնում էր զոհված զինծառայողների մարմինները դուրս բերելու: Սանիտարական մեքենայի անձնակազմը խոցման պահին մեքենայի մեջ չի եղել, ինչի արդյունքում անձնակազմից տուժող չի եղել:

Հյուսիսային ուղղությամբ թշնամին մի քանի անգամ նաև առանձին մոտ 15 հոգանոց խմբեր է ուղարկել՝ 2 դիրք իրենց վերահսկողության տակ վերցնելու համար, սակայն դա նրանց չի հաջողվել: Առուստամյանն այստեղ չի նշել՝ արդյոք Պաշտպանության բանակը թույլ չի տվել, թե այլ պատճառով ադրբեջանցիները չեն կարողացել վերահսկողություն հաստատել:

Պատասխանելով «Լելե թեփե» բարձունքի վերաբերյալ հարցերին՝ ՊԲ օպերատիվ բաժնի պետը նշել է. «Այդ բլուրը գտնվում էր միջդիրքային հատվածում, ընդհանուր դիրքային համակարգում: Այն հիմա էլ էլի գտնվում է մեր դիրքերի համակարգում, ուղղակի այդ փոքր բլուրը գրավված է իրենց կողմից: Որը (բլուրը — խմբ), նորից եմ ասում, իր նշանակությամբ որևէ կարևորություն չունի»:

ՊԲ օպերատիվ բաժնի պետը հակված չէր առանձնակի կարևոր նշանակություն տալ բլրին, քանի որ ըստ նրա՝ բլուրը ռազմավարական կամ մարտավարական կարևորություն չունի:

ՊԲ օպերատիվ բաժնի պետը ներկայացրել է նաև մարտերի բոլոր օրերին հայկական կողմի կորուստները: Ըստ այդ տվյալների՝ հայկական ուժերը կորցրել են.

  • 32 զոհված զինծառայող, որից 8 սպա-ենթասպա,
  • 121 վիրավոր զինծառայող, որից 24 սպա-ենթասպա,
  • 25 անհետ կորած զինծառայող:

Նախորդ օրվա տվյալների համեմատ՝ այսօրվա հայտնած տվյալներում երեքով ավելի է զոհված զինծառայողների թիվը և երեքով պակաս է անհետ կորած զինծառայողների թիվը: ՊԲ բաժնի պետի պարզաբանմամբ՝ հենց այդ երեք անհետ կորածներն են, որ ճանաչվել են զոհված, ինչից էլ ստացվել է նախորդ օրվա տվյալների փոփոխությունը:

Առստամյանն անդարադձել է նաև Քարվաճառում այսօր երկու զինծառայողի կորստի մասին տեղեկությանը և նշել է, որ նրանք Պաշտպանության բանակի զինծառայողներ են: Ներկայում, ըստ գնդապետի, ծառայողական քննություն է տարվում՝ պարզելու համար, թե արդյոք զինծառայողները զոհվել են մարտական պայմաններում, թե միջանձնային հարաբերությունների խախտման հետևանքով: Գնդապետը հույս է հայտնել, որ հաջորդ օրվա ասուլիսի ժամանակ կկարողանա հստակություն մտցնել այս հարցում:

Ինչ վերաբերում է վիրավորների թվի աճին (նախօրեին նշվում էր 101 վիրավոր, այսօր՝ 121), ապա դա, ըստ Առստամյանի, պայմանավորված է նրանով, որ զինծառայողների մի մասը մինչ այս չի դիմել բժշկի և չի ցանկացել ընդգրկվել վիրավորների ցանկում:

Հարցին, թե արդյոք կան փաստեր, որ Ադրբեջանի բանակի շարքերում կռվում են Թուրքիայից վարձկաններ կամ թուրքեր, Առստամյանը պատասխանել է, որ նման փաստեր ներկայում չկան:

Ադրբեջանի կորուստների մասին հարցին Առստամյանը պատասխանել է, որ ներկայում այդ տեղեկությունները ստանալու համար տարվում են լրահետախուզական աշխատանքներ: Սակայն նույն ասուլիսի ժամանակ գնդապետը նաև նշել է, որ կրակի դադարեցման ժամից՝ ապրիլի 5-ի կեսօրից, սկսած Պաշտպանության բանակը չի կրակել ադրբեջանցիների ուղղությամբ և չի էլ պատասխանել թշնամու կրակոցներին: Սա, ըստ էության, նվազեցնում է թշնամու նոր կորուստների հավանականությունը: (Նշենք, որ հոդվածի պատրաստման պահին Ռազմինֆոյին հայտնի է Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողների 52 անուն, թեև Ադրբեջանի իրական կորուստները բազմապատիկ ավելի շատ են):

Այն հարցին, որ ադրբեջանցիները ռեզերվային (պահուստային) ստորաբաժանումներ են մոտեցրել, գնդապետ Առստամյանը պատասխանել է, որ հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումները հիմա էլ գտնվում են առաջնագծից ոչ այնքան հեռու՝ օպերատիվ օղակում, և մարտական գործողությունների շրջանում են:

2 responses to “ՊԲ մամուլի կենտրոնի հաղորդած տեղեկություններն ամփոփ

  1. Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 06.04.2016 | Ռազմ.info

  2. Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 07.04.2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *