Պաշտպանության բանակը զգուշացնում է Ադրբեջանի ղեկավարությանը

Արցախի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները:

Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված ՏՕՍ-1Ա ծանր հրանետներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն:

Հակառակը, ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումները ոչ միայն հաջողությամբ իրենց դրսևորեցին դիրքային մարտերում, այլև գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրին թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի տեխնիկա և տասնյակների հասնող կենդանի ուժ:

Գուցե հենց մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի և մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով:

Պաշտպանության բանակը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը զգուշացնում է, որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը վայրագություններ են արել Արցախի հայկական բնակավայրերում (Արցախում 1 երեխա և 3 մեծահասակ քաղաքացիական է զոհվել), այսօր էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարը բացահայտ սպառնացել է հրթիռակոծել Ստեփանակերտը:

3 responses to “Պաշտպանության բանակը զգուշացնում է Ադրբեջանի ղեկավարությանը

  1. Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 04.04.2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *