Նախագահ Սարգսյանը 3 ուղերձ է հղել ԵԱՀԿ անդամ պետություններին

Այսօր` ապրիլի 4-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով:

Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ պետություների դեսպանների հետ հանդիպմանը

Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ պետություների դեսպանների հետ հանդիպմանը

Նախագահ Սարգսյանն իր խոսքում հատկապես շեշտել է. «Ես երեք ուղերձ ունեմ ձեզ, որոնք ուզում եմ, որ փոխանցեք ձեր մայրաքաղաքներ»

1.Ադրբեջանի արտգործնախարարության, ինչո՞ւ միայն արտգործնախարարության՝ Ադրբեջանի նախագահի խոսքից էլ էր դա երևում, և այլ պաշտոնական աղբյուրների կողմից հրապարակավ հայտարարվել է, որ ինչ-որ նպատակներով, միգուցե իրենց համար հասկանալի, բայց մինչ օրս տեղի ունեցող գործընթացների մեջ որևէ կերպ չտեղավորվող պատճառներով, հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել: Իրենց բացատրությամբ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որպեսզի լուծի խնդիրներ, որոնք, ենթադրվում է, որ պիտի լուծվեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով: Մենք տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ բոլոր կողմերից ակնկալում ենք ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ բացատրության հստակ պահանջ Բաքվից:

Վերջին օրերին հնչեցին բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ: Դրանք արդյունավետ չեն այնքան ժամանակ, հենց այդ պատճառով էլ ասում եմ, որ միջազգային հանրությունը լուռ էր, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն նախատեսում հետևանքներ դրանց անտեսման համար:

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը և որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները: Զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն հանդես գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պետք է լինեն նախ և առաջ զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմի շտապ ներդնումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացումը: Հակամարտության գոտում անհրաժեշտ է նաև ավելացնել զինադադարի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների քանակը:

2.Ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ որևէ հակամարտություն կարգավորելու հարցում, հատկապես` ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովուրդների ճակատագրին վերաբերող հակամարտությունների դեպքում, անհրաժեշտ է վերացնել հակամարտության պատճառը և հետո միայն անցնել դրանից բխող բոլոր կարգավորումներին:

Հայկական կողմը, և դրա մասին քաջ տեղյակ են Մինսկի խմբի համանախագահներն ու այստեղ նստած երկրները ներկայացնող դեսպանները, երբեք չի հրաժարվել հակամարտության կարգավորմանն ուղղված տրամաբանական փոխզիջումներից: Բայց դրանց մասին իմաստ ունի խոսել միայն այն ժամանակ, երբ կլուծվի հակամարտության բուն պատճառը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազատվի կրկին գաղութակցվելու վտանգից: Ոչ ոք չի կարող պարտադրել մի ժողովրդի ապրել այնպիսի պետության կազմում, որը չի արտացոլում այդ ժողովրդի իղձերն ու արժեքները:

3.Ադրբեջանի հերթական լկտի պահվածքի վերջին դրսևորումներից մեկն էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն էր, որում ասվում էր, թե իբր մարդասիրական քաղաքականությունից ելնելով` Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է պատասխան գործողությունները «թշնամու նկատմամբ» և սկսում կյանքի կոչել ազատագրված տարածքների պաշպանության ամրապնդման ծրագիրը: Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ: Պարզ է չէ՞, որ սրանով Ադրբեջանը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը և փորձում ստեղծել նախադրյալներ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունները և դրանց հետագա շարունակությունը քողարկելու համար:

Որևէ այսպես կոչված նոր «միակողմանի զինադադարի» մասին խոսք լինել չի կարող, քանի որ 1994թ. Ադրբեջանի կողմից ստորագրված զինադադարն ուժի մեջ է, և Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետևի այդ փաստաթղթի տառին և ոգուն: Իմիջիայլոց, կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն այն ժամանակվա միջնորդները, ովքեր իմ կարծիքով հանդիսանում են նաև զինադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներ: Այդ փաստաթղթի կողմ է Լեռնային Ղարաբաղը, և Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ` անկախ նրանից հավանում է նրանց, թե` ոչ: Ավելին, կարծում եմ, որ զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է դառնա մանրամասն ուսումնասիրության և գնահատականի առարկա, քանի որ դա է արդյունավետ բանակցային գործընթացի գրավականն ու շարժառիթը:

Որպես ԵԱՀԿ անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում: Եթե առկա է կամք և ցանկություն շտկել իրավիճակը, ապա հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և պարտադրել Ադրբեջանին հարգել 1994թ. զինադադարի ռեժիմը:

Եվ վերջում. ԵԱՀԿ մասնակից երկրներից մեկը՝ Թուրքիան, որը հաճախ հիշեցնում է իր Մինսկի խմբի անդամակցության մասին, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից և բացահայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունը: Ադրբեջանը պարծենում է իր իբրև թե արձանագրված հաղթանակով, իսկ Թուրքիան՝ շնորհավորում է նրան դրանում: Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թեև միայն խոսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությանը: Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ և հետո կատարած հայտարարությունները, որոնցով այդ երկիրը կարծես թե իր հակահայկական մոտեցումներով փորձում է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, կարող են ձևավորել տարածաշրջանային լարվածության նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի Մերձավոր Արևելքում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին միջնորդների թվում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ «արյունակցական անվտանգության» մոտեցում որդեգրած այդ երկրին պետք է ընդհանրապես հեռու պահել ղարաբաղյան կարգավորման գործընթացից:

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեզ ներկայութան համար և հույս հայտնել, որ հանուն համաեվրոպական անվտանգության ու խաղաղության իմ ուղերձն ու մտահոգությունները դրական արձագանք կգտնեն ձեր մայրաքաղաքներում:

ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հավաք ՀՀ նախագահի նստավայրում

ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հավաք ՀՀ նախագահի նստավայրում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *