Ավարտվել են ՀՀ զինված ուժերի հրամկազմի օպերատիվ հավաքները

Հայաստանի զինված ուժերի հրամանատարական կազմի գիտելիքների ամրապնդման ու կատարելագործման նպատակով մարտի 21-25-ին անցկացված օպերատիվ հավաքներին ներգրավված էին ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, բանակային կորպուսների, Պաշտպանության բանակի հրամկազմը, վարչությունների և առանձին բաժինների պետեր ու տեղակալներ, ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի, պետական այլ կառույցների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ մարտի 26-ի թողարկումը։

ՀՀ ԶՈւ օպերատիվ հավաքը, որին բացի ԶՈւ հրամկազմից, մասնակցել են նաև պաշտպանական-անվտանգային մյուս կառույցների ներկայացուցիչներ

ՀՀ ԶՈւ օպերատիվ հավաքը, որին բացի ԶՈւ հրամկազմից, մասնակցել են նաև պաշտպանական-անվտանգային մյուս կառույցների ներկայացուցիչներ

Հավաքների նպատակներն էին՝ կատարելագործել հրամանատարների ու նրանց շտաբների տեսական և գործնական ունակությունները, ռազմավարական և օպերատիվ-մարտավարական օղակների կառավարման մարմինների ներդաշնակության աստիճանը, բարձրացնել զինված ուժերի ղեկավար կազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակը։

Մեկնարկի օրը՝ մարտի 21-ին, ՊՆ վարչական համալիր է այցելել ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը։ Պաշտպանական նախարարը նախագահին զեկուցել է հավաքների ընթացքում ծրագրով նախատեսված միջոցառումների մասին, ինչպես հայտնել ենք ավելի վաղ։

Սերժ Սարգսյանը մասնավորապես խոսել է նաև 2015թ վերջին ավարտված պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների վերաբերյալ՝ նպատակահարմար համարելով ըստ հաստատված պլանի՝ հավաքների մասնակիցներին իրազեկել առաջիկա 5 տարիներին ԶՈւ զարգացման հիմնական սկզբունքների և մոտեցումների մասին։

«Տարեվերջին ՀՀ Զինված ուժերը ստացան որակապես նոր սպառազինություն և հետագա մատակարարման երաշխիքներ: Էլ ավելի կարևոր է, որ մշակել եք ձեր օգտագործած եզրույթով՝ «զինված դիմակայությունը զսպելու» նոր հայեցակարգ: Կարծում եմ՝ օգտակար կլինի օպերատիվ հավաքի ընթացքում ներկայացնել պաշտպանության նախարարության մոտեցումները տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և երկրի անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների կատարման նկատմամբ», — նշել է նախագահ Սարգսյանը։

Նույն օրը՝ մարտի 21-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաքի մասնակիցներին դասախոսությամբ ներկայացրել է տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը։

Այնուհետ հավաքների մասնակիցները լսել են նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի դասախոսությունները։ Բանախոսները հաջորդաբար ներկայացրել են զինված ուժերի գործողությունները երկրի անվտանգության ապահովման գործում և Հայաստանի Հանրապետության հանդեպ հավանական սպառնալիքների կանխման նպատակով նոր սահմանադրությամբ կատարված փոփոխությունները։

Մարտի 22-ին էլ հավաքների մասնակիցների համար դասախոսություններով են հանդես եկել Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը։

Հավաքների մասնակիցները շաբաթվա ընթացքում եղել են նաև զինված ուժերի զորամասերում, հրաձգարաններում և բացազատված վրանային տարածքներում։ Համաձայն ծրագրի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, նրա տեղակալների, զինված ուժերի, զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերի ղեկավարությամբ հավաքի մասնակիցների հետ, ըստ մասնագիտական խմբերի և ենթախմբերի, անցկացվել են գործնական և ցուցադրական պարապմունքներ ու ստուգարքներ, ռազմավարական, հրամանատարաշտաբային զորախաղեր։

Հայաստանի պաշտպանության նախարարը լսում է օպերատիվ հավաքի մասնակիցներից մեկի զեկույցը

Հայաստանի պաշտպանության նախարարը լսում է օպերատիվ հավաքի մասնակիցներից մեկի զեկույցը

Մարտի 23-ին էլ պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շրջայցեր են կատարել զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքների շրջանակում բացազատված վրանային ավաններում, տեղում հետևել են շտաբային աշխատանքներին ու մարզումներին, լսել են բանակային կորպուսների հրամանատարական կազմի ներկայացուցիչների զեկույցներն ու առաջարկները։

Մարտի 25-ին ցուցադրական պարապմունքների շրջանակում հավաքների մասնակիցները ծանոթացել են սպառազինության, ռազմատեխնիկական, ժամանակակից այլ միջոցների մի շարք նմուշների, դրանց կիրառման և գործարկման ձևերին ու հնարավորություններին։ Զորամասերից մեկում ծավալված ուզումնական կետերում էլ մասնակիցներին ներկայացվել են ծառայության կազմակերպման առանձնահատուկ դրվագներ։

Նույն օրն ավելի ուշ հավաքներն ավարտվել են և ամփոփվել են արդյունքները։ Հակիրճ ներկայացնելով դրանք՝ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշել է, որ անցկացվել են ծրագրով նախատեսված բոլոր գործողությունները, և ընդհանուր առմամբ արդյունքները գոհացուցիչ են։

Գեներալ-գնդապեը Յուրի Խաչատուրովն էլ, կարևորելով օպերատիվ հավաքների ընթացքում իրագործված բազմաբովանդակ միջոցառումները, ընդգծել է, որ հավաքից հավաք ակնհայտ է առավել ակտիվ մասնակցությունը։

Արդյունքների ամփոփման ավարտին հավաքների ընթացքում առավել աչքի ընկած մասնակիցներն արժանացել են խրախուսական պարգևների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *