Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 – 26 մարտի, 2016

Ավարտվել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունը • Թուրքիայի ԶՈւ-ն ևս մի քանի վարժանք է անցկացրել • Սիրիայի կառավարական ուժերը մտել են Պալմիրա • Ադրբեջանի ԶՈւ-ն մեկ սպանված և երկու վիրավոր ունի առաջնագծում • Քրդերի դեմ մարտերում սպանվել և վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ մի քանի տասնյակ զինծառայող • Թուրքիայի ռազմական բյուջեն աճել է նախորդ տարվա համեմատ • ՀԱՊԿ-ը հետևում է Ղրղզստան-Ուզբեկստան սահմանային լարվածությանը • Ռուսաստանի ԶՈւ-ն ԱԹՍ-ների խոցման զորավարժություն է արել • ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը համալրվելու է միայն պայմանագրայիններով • Վրաստանում ավտովթարից մահացել է ԶՈւ մեկ զինծառայող

Սիրիայի կառավարական ուժերը Պալմիրայի մատույցներում

Սիրիայի կառավարական ուժերը Պալմիրայի մատույցներում

• Մարտի 25-ին ավարտվել է Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ TURAZ Şahini-2016 զորավարժությունը, որը մարտի 7-ից անցկացվում էր Թուրքիայի կենտրոնական Քոնյա նահանգում։ Զորավարժության դրվագներից մեկում կողմերը «շարքից հանել են» պայմանական հակառակորդի ռազմական օդանավակայանը: Սրանից բացի, մարտի առաջին կեսին Թուրքիայում մի քանի զորավարժություն են անցկացրել նաև երկրի ԶՈւ և ժանդարմերիայի հատուկ ստորաբաժանումները։

• Մարտի 23-24-ի մարտերի ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը ԻՊ-ից հետ են գրավել Պալմիրա քաղաքի մի շարք ռազմավարական կետեր: Քաղաքի ամբողջական վերահսկման համար մարտերը շարունակվում են։

• Մարտի 24-ին Ադրբեջանի ՊՆ հայտնել է, թե մարտի 19- 20-ին հայկական կողմի կրակոցներից առաջնագծում վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայող: Հայկական կողմն իրեն ուղղված մեղադրանքը հերքել է։ Մարտի 26-ին էլ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ մարտի 25-ին առաջնագծում հայկական զինուժի հետ մարտում սպանվել է զինծառայող Աբբասզադե Էլշադ Ռագուֆ օղլուն։

• Մարտի 19-21-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել է, որ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում PKK-ի զինյալների հետ բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ և ոստիկանության առնվազն 10 հատուկջոկատային: Քրդերի դեմ մարտերում Թուրքիայի կառավարական ուժերի ևս 6 զինծառայող էլ սպանվել է մարտի 24-ին։ Վիրավորվել է ևս մոտ 30 զինծառայող։ Քուրդ զինյալների կորուստները, ըստ իշխանությունների հրապարակումների, գերազանցում են հարյուրը։

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառը թուրք-քրդական բախումների հետևանքով

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառը՝ ավերված թուրք-քրդական բախումների հետևանքով

• Թուրքիայի 2016թ․ բյուջեով ռազմական ոլորտին հատկացվում է ~37 մլրդ թուրքական լիրա (~12,9 մլրդ ԱՄՆ դոլար): Սա ~6 մլրդ լիրայով ավելի է 2015թ․ ռազմական բյուջեից:

• Մարտի 22-ին Ղրղզստանի նախաձեռնությամբ հրավիրված ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին որոշվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին գործուղել Ղրղզստան՝ Ղրղզստան-Ուզբեկստան սահմանում լարվածությունը տեղում ուսումնասիրելու համար: Երկու երկրների սահմանում լարվածությունն աճել է այն պատճառով, որ ըստ ղրղզական կողմի՝ Ուզբեկստանը չհստակեցված սահմանի վրա նոր անցակետ է դրել ու զինծառայողներ տեղակայել այնտեղ:

• Ռուսաստանի ԶՈւ՝ Աբխազիայում տեղակայված ստորաբաժանումները զորավարժության ընթացքում «Օսա-ԱԿՄ», «Ստրելա-10» և «Իգլա-Ս» զենիթահրթիռային համալիրներով «ոչնչացրել են» պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերը:

• Մարտի 22-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկրի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մշտական պատրաստության բոլոր զորամասերն այսուհետ պետք է համալրվեն բացառապես պայմանագրային զինծառայողներով:

• Մարտի 18-ին ավտովթարի հետևանքով մահացել է Վրաստանի ԶՈւ զինծառայող։ Ռազմինֆոյի տվյալներով՝ սա 2016թ․ մահացության 3-րդ դեպքն է Վրաստանի զինված ուժերում։

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *