ՀՀ ԱԺ ներկայացուցիչներն այցելել են Տավուշի սահմանային դիրքեր, սահմանամերձ գյուղեր

Քաղաքացիական և տարածքային պաշտպանության շրջանակներում սահմանամերձ համայքների բնակչության ընդհանուր պաշտպանվածության աստիճանը գնահատելու, ինչպես նաև սահմանային դիրքերում զինված ուժերի մարտական պատրաստականությանը ծանոթանալու համար ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը մարտի 19-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներ: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ՊՆ և ԱԻՆ ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:

ՀՀ ԱԺ պատգամավորները Տավուշի մարտական դիրքերից մեկում

ՀՀ ԱԺ պատգամավորները Տավուշի մարտական դիրքերից մեկում

Հյուսիսարևելյան սահմանագոտու մարտական հենակետերում պատվիրակությունը, հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ, ուսումնասիրել է մարտական հերթապահության կազմակերպումը, ամրաշինական և ինժեներական կառույցների հուսալիությունը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:

Զորամիավորման և զորամասերի հրամանատարական կազմի հետ քննարկվել են առաջնագծում առկա իրավիճակին, զինծառայողների ծառայության պայմաններին և պատշպանական գոտու ամրապնդմանն առնչվողմի շարք հարցեր: Պատգամավորները զրուցել են նաև մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել զինծառայողների հարցերին:

Բարեկամավան համայնքում շրջայցի ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության և ծառայության կազմակերպման վարչության պետերը ներկայացրել են քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումները և զարգացման ծրագրերը: Կորյուն Նահապետյանը կարևորել է քաղաքացիական պաշտպանության նախապատրաստման հարցում քաղաքացիների պատշաճ իրազեկումն ու տեղում վարժանքների արդյունավետ անցկացումը:

ՀՀ ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների այցը սահմանամերձ գյուղերից մեկը

ՀՀ ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների այցը սահմանամերձ գյուղերից մեկը

Կոթի համայնք կատարած այցի ընթացքում պատգամավորները ծանոթացել են պարզագույն թաքստոցների պայմաններին ու կահավորմանը: Կոթի համայնքի ղեկավարը ներկայացրել է համայնքի քաղաքացիական պաշտպանության իրավիճակը, միջոցառումների և տարհանման պլանները: Անդրադարձ է կատարվել տվյալ ոլորտում օրենսդրական լուծում պահանջող մի շարք հարցերի: Քննարկվել է սահմանամերձ համայնքներում լոկալ ազդարարման համակարգի կատարելագործման հարցը:

Հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է նաև Ազատամուտի փրկարար ծառայության հենակետ, ծանոթացել հենակետի գործունեությանը: Իսկ Բերքաբեր համայնքում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է «Բնակչության քաղաքացիական պաշտպանությունը և տարածքային պաշտպանությունը» թեմայով քննարկում:

Սահմանամերձ համայնքների ղեկավարներին Կորյուն Նահապետյանը ներկայացրել է քաղաքացիական պաշտպանության նոր համակարգի ձևավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները, որոնց ընդունման արդյունքում բարձրանալու է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման արդյունավետությունը: Պատգամավորները լսել են համայնքների ղեկավարների մեկնաբանություններն ու առաջարկությունները տարածքային պաշտպանության համակարգի կատարելագործման վերաբերյալ:

Կարևորվել է ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի մասնաճյուղերի բացումը սահմանամերձ համայնքներում:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ««Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ««Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական փաթեթով ՀՀ կառավարությունն առաջարկում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման իրավասությունները վերապահել ՀՀ ԱԻ նախարարությանը, ինչի շնորհիվ քաղաքացիական պաշտպանության գործառույթներ իրականացնող կառույցները կգործեն մեկ ընդհանուր օղակում:

Փաթեթը ներկայացրել է ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ում խոսքով՝ այդ փոփոխությամբ կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությանը հնարավորություն կտրվի գործունեությունը կենտրոնացնել Հայաստանի պաշտպանության ոլորտում:

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելու համար ԱԺ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ մարտի 17-ի նիստում փաթեթի քննարկումը մնացել է անավարտ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *