«էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները թռիչքներ կանեն նոր ստացած Մի-8 ուղղաթիռներով

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի մասնագետներն ավարտել են Մի-8ՄՏ ուղղաթիռների հավաքումն ու փորձարկումը․ առաջիկայում օդաչուները կսկսեն ուղղաթիռներով ուսումնական թռիչքները։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի Մի-8ՄՏ ուղղաթիռ

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի Մի-8ՄՏ ուղղաթիռ

Փորձառու օդաչուների ղեկավարությամբ ավիաբազայի նոր օդաչուներն ու տեխնիկական անձնակազմը թռիչքները կատարելու է բարձրլեռնային գոտում։ Առաջին փուլում օդաչուները սովորելու են թռչել ուղղաթիռով, տեղափոխվել մերձգետնյա թռիչքով ու վայրէջք կատարել սահմանափակ տարածքում։

Հաջորդիվ օդաչուները վարժվելու են թռիչքներ կատարել սահմանափակ տեսանելիության պայմաններում, լեռնային բարդ տեղանքում, ինչպես նաև սահմանին մոտիկ պայմաններում (Թուրքիայի սահմանը «Էրեբունի» օդանավակայանից ընդամենը մոտ 15 կմ հեռավորության վրա է)։

Ավելացնենք, որ հարվածային Մի-24Պ և բեռնատար Մի-8 ուղղաթիռներով (7 միավոր և 6 միավոր խմբաքանակներով) Հայաստանում ռուսաստանյան ԶՈւ ավիաբազան համալրվել է 2015-ի դեկտեմբերին։ 2016-ի հունվարին ավարտվել էր ուղղաթիռների հավաքումը։ Փետրվարին ավիաբազա է բերվել ավիատեխնիկայի ևս մեկ խմբաքանակ, որի մեջ եղել են 4 միավոր ՄիԳ-29 կործանիչ, նորոգված և արդիականացված ՄիԳ-29Ս կործանիչներ և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ։

Ավելացնենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է:

Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռները։

«Էրեբունիում» տեղակայված ՌԴ ավիաբազան մարտական հերթապահություն է կրում ԱՊՀ անդամ պետություների Միացյալ ՀՕՊ համակարգի կազմում։

One response to “«էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները թռիչքներ կանեն նոր ստացած Մի-8 ուղղաթիռներով

  1. Pingback: «Էրեբունի» ավիաբազայում մեկնարկել են ՌԴ ԶՈւ ուղղաթիռների օդաչուների վարժանքները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *