Բրյուսելում կանցկացվի Հայաստան-ՆԱՏՕ խորհրդակցություն

Մարտի 9-ին Բրյուսելում կանցկացվի Հյուսիսատլանտյան խորհրդի (ՆԱՏՕ) Հայաստան + 28 ձևաչափով նիստը, որին մասնակցելու համար Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնելու են Բելգիա: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մինչ խորհրդի նիստը Հայաստանը ներկայացնող նախարարները հանդիպելու են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:

Նշենք, որ փետրվարի 29-ից մարտի 2-ը ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում Հայաստանի հետ գործընկերության նպատակների նոր փաթեթը համաձայնեցնելու նպատակով Երևանում էր ՆԱՏՕ-ի կառույցների համահավաք պատվիրակությունը։

Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակներին արձագանքման պլանավորման, «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի, Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման միջազգային գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով:

Համագործակցություն է ընթանում նաև զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության և բարեվարքության ամրապնդման ոլորտներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *