Հայաստանը և Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում. նախագիծ

Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀ կառավարությունն իր հերթական նիստի ժամանակ հավանություն է տվել ՀՀ պաշտպանության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստորպնիցկին. հոկտեմբեր 2015

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստորպնիցկին. հոկտեմբեր 2015

Համաձայնագրի նախագծով՝ Հայաստանն ու Չեխիան ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հայկական և չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների հետ համագործակցելու են հետևյալ ուղղություններով.

  • ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում, նորոգում, արդիականացում, շահագործում և տեխնիկական սպասարկում,
  • ռազմական նշանակության թույլատրված արտադրատեսակների արտադրության կազմակերպում,
  • ռազմական նշանակության արտադրանքի հետազոտում և մշակում,
  • մատակարարման համար նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի որակի հսկողության ապահովում,
  • ուսումնական հաստատություններում մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով կողմերի պահանջարկները և հնարավորությունները,
  • ռազմատեխնիկական համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ:

Համատեղ գործունեության ընթացքում ձեռքբերված տեղեկատվությունը այլ երկրներին վաճառելը կամ փոխանցելը համաձայնագրով հնարավոր կլինի միայն երկու կողմերի համաձայնությամբ:

Համաձայնագրի նախագծով՝ կողմերը պայմանավորվում են ստեղծել ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ՝ կազմված Հայաստանի և Չեխիայի ներկայացուցիչներից:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ կնքվելիք համաձայնագիրն իրավական հիմք է ստեղծում արդյունավետ ռազմատեխնիկական համագործակցության համար:

«Համաձայնագրի կնքումը լիովին համապատասխանում է Հայաստանի ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում Հայաստանի ազգային զինված ուժերի համար սպառազինության արդյունավետության ու հեռանկարային զարգացումների համար», — մասնավորապես նշվում է հիմնավորման մեջ:

Ավելացնենք, որ 2015-ի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Չեխիա, որտեղ հանդիպել է Չեխիայի պաշտպանության նախարարին: Հանդիպման ընթացքում որպես երկկողմ համագործակցության խոստումնալից ոլորտներ են նշվել ռազմական արդյունաբերությունը, կրթությունը, բժշկությունը, իրավապահությունը, ինչպես նաև հումանիտար ականազերծումն ու կիբերանվտանգությունը: Պաշտոնական այցի ընթացքում Սեյրան Օհանյանն այցելել է նաև չեխական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ:

Հիշեցնենք նաև, որ 2016-ի փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նաև Հունաստանի հետ նմանատիպ համաձայնագիր կնքելու մասին ՀՀ ՊՆ առաջարկությանը: Հայ-հունական ռազմատեխնիկական համաձայնագրի դրույթներով նույնպես նախատեսվում է համագործակցություն ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, նորոգման, արդիականացման, տեխնիկական սպասարկման, կադրերի պատրաստման և այլ ոլորտներում:

Բացի այդ, Հունաստանի հետ կնքվելիք համաձայնագրով նախատեսվում է նաև համատեղ կազմակերպությունների հիմնադրում՝ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության համար:

2 responses to “Հայաստանը և Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում. նախագիծ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 21 – 27 փետրվարի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Կայացել է Հայաստանի և Չեխիայի ՊՆ ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *