Թուրքական «Ասելսանը» երկրի ՌԾՈւ-ին հանձնել է ցամաքային ՌԷՊ համալիր

Թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը երկրի ռազմաօդային ուժերին հանձնել է ցամաքային տեղակայման «Կորալ» ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ: Համալիրը բաղկացած է երկու մեքենաների վրա տեղադրված համակարգերից, որոնք իրականացնում են տարբեր ֆունկցիաներ` փոխլրացնելով միմյանց: Այս մասին փետրվարի 22-ին հայտնել է «Ասելսան» ընկերության կայքը:

Թուրքական «Ասելսանի» արտադրության «Կորալ» ՌԷՊ համալիրը բացազատված վիճակում

Թուրքական «Ասելսանի» արտադրության «Կորալ» ՌԷՊ համալիրը բացազատված վիճակում

«Կորալ» ՌԷՊ համալիրի հիմնական խնդիրը հզոր ռադիոէլեկտրոնային խանգարումների (ռուս. радиоэлектронные помехи) գեներացման միջոցով հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների (ՌԷՄ) ճնշումն է:

Համալիրը բաղկացած է երկու տարբեր համակարգերից, որոնք տեղակայվում են գերմանական արտադրության MAN KAT բեռնատարների ընթացամասի վրա: Համակարգերն ունեն մոդուլային կառուցվածք և նախատեսված են տարբեր առաջադրանքների համար:

Համալիրի առաջին բաղկացուցիչ համակարգն անվանվում է «Էլեկտրոնային օժանդակման համակարգ»: Այն նախատեսված է ռադիոէլեկտրոնային հետախուզության համար: Ուսումնասիրում է հակառակորդի համակարգերի ռադիոալիքները և անհրաժեշտության դեպքում երկրորդ մեքենային ուղարկում հակառակորդի ՌԷՄ համակարգերից արձակվող ալիքները ճնշելու հրահանգ:

Երկրորդ բաղկացուցիչը՝ «Էլեկտրոնային հարձակման համակարգը», առաջինից ստացած տվյալների հիման վրա գեներացնում է համապատասխան հզորության ալիքներ՝ ստեղծելով ռադիոլեկտրոնային խանգարումներ և խոչընդոտելով հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքը:

Հիշեցնենք, որ դեռևս 2015-ի նոյեմբերի 30-ին` Սիրիայում ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգեր տեղակայելուց հետո թուրքական «Միլլիյեթ» պարբերականը հայտնեց, որ թուրքական զինուժը Սիրիայի հետ սահմանին տեղակայել է «Ասելսանի» արտադրության «Կորալ» ՌԷՊ համալիր, որն ունակ է «կուրացնել» Ս-400 ՀՕՊ կայանքները` զրկելով դրանց աշխատելու հնարավորությունից:

Դեկտեմբերի 2-ին ռուսաստանյան «Վեստի» լրատվակայքին հարցազրույցում Ռուսաստանի «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաների» կոնցերնի տնօրենը հայտնել էր, որ նման համալիրներով Ս-400-ները «կուրացնելը» ոչ արդյունավետ  է և դժվար, քանի որ ցամաքային տեղակայման կայանների շարժունակությունը շատ փոքր է: Նա նշել էր, որ նման գործողությունների համար անհրաժեշտ է ունենալ նմանատիպ օդային կայանքներ:

Միևնույն ժամանակ ռուսաստանյան ընկերության ներկայցուցիչը հայտնել էր, որ «Ասելսանի» համալիրները կարող են բավականին արդյունավետ լինել ռադիոհետախուզության համար:

One response to “Թուրքական «Ասելսանը» երկրի ՌԾՈւ-ին հանձնել է ցամաքային ՌԷՊ համալիր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21 – 27 փետրվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *