ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Մարտակերտի ուղղությունը

Փետրվարի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա):

Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Նշենք, որ սա հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի՝ 2016-ին անցկացվող չորրորդ դիտարկումն է եղել: Ռազմինֆոն 2016-ին անցկացված նախորդ դիտարկումները ներկայացրել է ինտերակտիվ ժամանակագրությամբ:

Իսկ 2015թ․ ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկում են անցկացրել 21 անգամ, որից 17-ը՝ Արցախում, 3-ը՝ Տավուշում, ևս մեկը՝ Գեղարքունիքում։

Դիտարկումների ժամանակ կրակոցներ արձանագրվել են երկու անգամ, ևս 5 անգամ Ադրբեջանը դիտորդներին դուրս չի բերել առաջնագիծ։ Մյուս դեպքերում դիտարկումներն անցել են նախատեսված ժամանակացույցով, կրակոցներ չեն արձանագրվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *