ՊԲ սպաներին բնակարաններ են հատկացվել Մատաղիսում

Այսօր՝ փետրվարի 16-ին Արցախի Մատաղիս ավանում հանդիսավոր պայմաններում շահագործման է հանձնվել Պաշտպանության բանակի զինծառայողների համար կառուցված բազմաբնակարան բնակելի շենք: Սպաների բնակարանամուտի արարողությանը մասնակցել է նաև Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, հայտնում է Արցախի ղեկավարի կայքը:

Այնուհետ Բակո Սահակյանը Մարտակերտ քաղաքում մասնակցել է նաև զինծառայողների համար ևս մեկ բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը:

[Լրացում] Մատաղիսում շահագործման հանձնված շենքն ունի 24 բնակարան: Իսկ Մարտակերտում կառուցվելու է նոր բնակելի թաղամաս, որի 4 շենքերից ամեն մեկն ունենալու է 32 բնակարան: Այս մասին հայտնել է Արցախի հանրային հեռուստատեսությունը:

ՊԲ սպաների համար նախատեսված բնակարանների հանձնման հանդիսավոր արարողություն Արցախի Մատաղիսում 16.02.2016թ.

ՊԲ սպաների համար նախատեսված բնակարանների հանձնման հանդիսավոր արարողություն Արցախի Մատաղիսում 16.02.2016թ.

Պաշտպանության բանակի զինծառայողների համար նախատեսված ևս մեկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողություն 16.02.2016թ.

Պաշտպանության բանակի զինծառայողների համար նախատեսված ևս մեկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողություն 16.02.2016թ.

Նշենք, որ նախորդ տարի՝ 2015թ. նոյեմբերին, ևս 176 բնակարան սպաներին է հանձնվել Ստեփանակերտում: Բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Բացի այդ, Արցախում և մասնավորապես Մարտունի քաղաքում կառուցվող ևս մեկ բազմաբնակարան շենքի բնակարանների մի մասը նույնպես հատկացվելու է ՊԲ սպաներին: Շենքի շինարարությունը նախատեսված էր ավարտել 2015-ի վերջին:

Պաշտպանության բանակի զինծառայողների համար նախատեսված ևս երկու բնակելի շենք կառուցվում է Արցախի Ճարտար քաղաքում: Ընդհանուր 24 բնակարան ունեցող երկու շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2017-ին:

Բացի այդ, 2015թ. ընթացքում բնակարաններ են տրամադրվել նաև ՀՀ ՊՆ ՀՕՊ զորամասերից մեկի և 5-րդ ԲԿ զորամասերից մեկի զինծառայողներին, ինչպես նաև Ագարակում ծառայող ՀՀ ԶՈւ զինծառայողներին: Տարեվերջին՝ դեկտեմբերի 26-ին էլ ՀՀ ԶՈւ սպաների համար նախատեսված ևս մեկ բնակելի շենք շահագործման է հանձնվել Վանաձորում:

Պաշտպանության բանակի սպաների համար կառուցված բնակելի շենքերը՝ 176 բնակարաններով

Ստեփանակերտում Պաշտպանության բանակի սպաների համար կառուցված բնակելի շենքերը՝ 176 բնակարաններով

2015 թվականն ամփոփելով՝ ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը դեկտեմբերին ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթին հայտնել է, որ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարությունը շահագործման է հանձնել 8 բնակելի շենք՝ ընդհանուր 330 բնակարանով:

Պաշտոնյայի խոսքով՝ նախատեսվում է 2016 թվականին նոր բնակելի շենքեր կառուցել Երևանում, Գյումրիում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Ագարակում, Իջևանում, Մեհրաբում և Շահումյանում: Եվ բացի այդ, մեկական շենք էլ կվերակառուցվի ու կվերանորոգվի Կապանում և Վանաձորում:

Բնակարանները պատրաստ կլինեն 2017 թվականին: Այդ տարի  պաշտպանության նախարարությունը նախատեսում է ՀՀ ԶՈւ սպաներին հանձնել 393 բնակարան:

2 responses to “ՊԲ սպաներին բնակարաններ են հատկացվել Մատաղիսում

  1. Pingback: Արցախում նոր բնակարաններ կկառուցվեն ՊԲ սպաների և ազատամարտիկների ընտանիքների համար | Ռազմ.info

  2. Pingback: 2017-ին հայկական բանակի զինծառայողների համար կկառուցվի 10-ից ավելի բնակելի շենք | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *