Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 11-12

Փետրվարի 11-ին թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերի 14-ից 2016-ի փետրվարի 11-ը Թուրքիայի հարավարևելյան Ջիզրե գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում սպանվել է ընդհանուր առմամբ 24 թուրքական ուժային, այդ թվում՝ ԶՈւ 14, և ոստիկանության 10 հատուկջոկատային։

Սակայն, պետք է նշել, որ տվյալները կարող են չարտացոլել իրական պատկերն ամբողջությամբ, քանի որ ներառվել են միայն Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտնած տվյալները, իսկ քրդական աղբյուրները մի շարք անգամներ հայտնել են թուրքական ուժայինների ավելի մեծ քանակի կորուստների մասին։

Թուրքական հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվարի սկիզբ, 2016 թ.

Թուրքական հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվարի սկիզբ, 2016 թ.

Քրդական ANF News լրատվական գործակալությունը փետրվարի 12-ին հայտնել է, որ PKK-ի YPS կառույցի մարտիկները փետրվարի 9-11-ին Թուրքիայի Սուր, Ջիզրե, Նուսայբին գավառներում և մի շարք այլ շրջաններում սպանել են առնվազն 14 թուրքական ուժային, այդ թվում՝ 1 մայոր։

Փետրվարի 12-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնել է, որ փետրվարի 11-ի դրությամբ Ջիզրեի գավառն ամբողջությամբ անցել է թուրքական ուժայինների հսկողության տակ, սակայն ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, նույն օրը թուրքական ուժայինները սպանել են PKK-ի 16 զինյալ, իսկ 2015-ի դեկտեմբերից սկսած՝ ընդհանուր առմամբ 619 զինյալ։

Միևնույն ժամանակ քրդամետ IMCTV լրատվակայքը փետրվարի 12-ին հայտնել է, որ Թուրքիայի «Մարդու իրավունքների կազմակերպություն» ՀԿ տրամադրած տեղեկությունների համաձայն՝ 2015-ի դեկտեմբերի 14-ից 2016-ի փետրվարի 12-ը Ջիզրե գավառում սպանվել է առնվազն 79 խաղաղ բնակիչ։ Նույն լրատվակայքը նաև հայտնել է, որ փետրվարի 12-ին մահացել են հունվարի 31-ին և փետրվարի 5-ին Ջիզրեի ռազմական գործողություններում վիրավորված 2 թուրքական հատուկջոկատայիններ։

Նույն աղբյուրը փետրվարի 12-ին նաև հայտնել է, որ փետրվարի 11-ին Ջիզրեի Սուր և Ջուդի թաղամասերի 3 շենքերից, որոնցում գտնվող վիրավորները հունվարի 23-ից սկսած չէին կարողանում տեղափոխվել հինանդանոցներ, դուրս է բերվել և Սիլոփի ու Ուրֆա տարվել առնվազն 56 մարդու դիակ։ Նշվում է, որ մինչ այժմ այդ 3 շենքերում ապրող 149 բնակիչներից 82 մարդու դիակ է դուրս բերվել։ Հիշեցնենք, որ քրդական աղբյուրներից մինչ այս ստացված տեղեկությունների համաձայն՝ թուրքական ուժայինները թույլ չէին տալիս մոտենալ շենքերին և դուրս բերել վիրավորներին, ինչի հետևանքով նրանց մեծ մասը մահացել է։

Ջիզրեի Ջուդի թաղամասը, որտեղ էլ գտնվում էին հիմնական վիրավորները

Ջիզրեի Ջուդի թաղամասը, որտեղ էլ գտնվում էին հիմնական վիրավորները

Հավելենք, որ փետրվարի 5-ին «Մարդու իրավունքների կազմակերպություն» Հկ-ի զեկույցում նշվում էր, որ 2015-ի օգոստոսի 16-ից մինչ 2016-ի փետրվարի 5-ը Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաներում ռազմական գործողությւոնների հետևանքով սպանվել է առնվազն 224 խաղաղ բնակիչ։

Թուրքիայի Զու ԳՇ կայքը փետրվարի 12-ին աղբյուրը նաև հայտնել է, որ Դիարբեքիրի Սուր գավառում 2015-ի դեկտեմբերից շարունակվող ռազմական գործողություններում փետրվարի 11-ի դրությամբ սպանվել է PKK-ի 189 զինյալ։

Նույն օրը Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակել են ռմբակոծել Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում PKK-ի դիրքերը, ինչի հետևանքով սպանվել է 6 քուրդ զինյալ։ Թուրքական ուժայինները PKK-ի դեմ համեմատաբար ավելի փոքրածավալ գործողություններ իրականացվում են նաև Վանում, Սվազում, Գազիանթեփի Քարքամըշ գավառում, Շրնաքի Սիլոփի գավառում, Դիարբեքիրի Լիջե ագավառում, ինչպես նաև Թուրքիայի քրդաբնակ մի շարք այլ շրջաններում։

Փետրվարի 12-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նաև հայտնել է, որ նույն օրը մահացել է հունվարի 31-ին Ջիզրեի ռազմական գործողություններում վիրավորված մեկ զինվորական, որի մասին նշել էր նաև քրդամետ աղբյուրը։

Փետրվարի 12-ին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը նաև հայտնել է, որ քրդական զինյալները հարձակվել են Նուսայբին գավառի ոստիկանական բաժանմունքի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 1 ոստիկան, քրդական զինյալների շրջանում կորուստներ չեն գրանցվել։

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. Հունվարի 31, 2016 թ.

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. Հունվարի 31, 2016 թ.

Փետրվարի 12-ին թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերի 2-ից Դիարբեքիրի Սուր գավառում շարունակվող ռազմական գործողությունները ուժգնանում են։ Նշվում է, որ փետրվարի 12-ի առավոտյան PKK-ի հետ բախումներում վիրավորվել է 4 թուրքական հատուկջոկատային։

Փետրվարի 12-ին թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը հայտնել է, որ փետրվարի լույս 12-ի գիշերը զինված բախումներ են գրանցվել Մարդինի Նուսայբին գավառում։ Գործակալությունը հրապարակել է նաև համապատասխան տեսանյութ, որտեղ լսվում են կրակոցի և պայթյունի ձայներ։

Ավելացնենք, որ փետրվարի 11-ին թուրքական «Սաբահ» պարբերականի կայքը հայտնել էր, որ թուրքական զինուժը լայնածավալ գործողություններ է սկսել Թունջելի նահանգի կենտրոնական Օվաջըք գավառում՝ ռազմաօդային ուժերի և հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Կոբրա» հարվածային ուղղաթիռները ռմբակոծել են քրդական զինյալների թաքստոցները։

Դիարբեքիրի Սուր գավառը թուրք-քրդական բախումների արդյունքում. 28.01.2016 թ.

Դիարբեքիրի Սուր գավառը թուրք-քրդական բախումների արդյունքում. 28.01.2016 թ.

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

One response to “Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 11-12

  1. Pingback: Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 13-15 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *