Սիրիայում հրադադար կհաստատվի մեկ շաբաթից. բանակցային խումբ

Միջազգային բանակցային խումբը, որի կազմում են 20 պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այս գիշեր՝ փետրվարի 12-ին, Մյունխենում բանակցությունների ընթացքում համաձայնության է եկել Սիրիայում հրադադար հաստատել մեկ շաբաթից, իսկ մարտական գործողությունների շրջանների բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնել անմիջապես:

[Ձախից աջ] Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ պատվիրակ Ստեֆան Միսթուրան՝ Սիրիայի հարցով բանակցությունների մամուլի ասուլիսի ժամանակ. 12.02.2016, Մյունխեն

[Ձախից աջ] Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ պատվիրակ Ստեֆան Միսթուրան՝ Սիրիայի հարցով բանակցությունների մամուլի ասուլիսի ժամանակ. 12.02.2016, Մյունխեն. Լուսանկարը՝ Reuters գործակալության

Այս մասին բանակցություններից հետո հայտարարության և մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում են բրիտանական Reuters և ռուսաստանյան TASS գործակալությունները:

Բանակցային միջազգային խմբին ներգրավված են եղել 17 պետությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Եգիպտոս, Գերմանիա, Ֆրանսիա, Բրիտանիա, Իտալիա, Հորդանան, Քաթար, Լիբանան, Օման, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրաք, Իրան) և 3 միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵՄ, Արաբական պետությունների լիգա) ներկայացուցիչներ:

Ուշադրություն դարձնենք, որ բանակցություններին ներգրավված չեն Սիրիայի կառավարության և «ընդդիմության» (զինված խմբավորումների) ներկայացուցիչներ: Այս պարագայում բանակցություններում որոշվել է, որ հրադադարը հաստատելու համար Ռուսաստանը և Իրանը ճնշում են գործադրելու Սիրիայի կառավարության (նախագահ Բաշար Ասադի իշխանության) վրա: Նույն նպատակով ճնշում է գործադրվելու նաև Ասադի իշխանության դեմ կռվող զինյալ խմբավորումների վրա:

Ժնևում Սիրիայի կառավարության և զինյալների միջև հրադադարի հաստատման վերաբերյալ բանակցությունները նախատեսվում է սկսել որքան հնարավոր է շուտ, ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Սիրիայի տարածքների վերահսկողությունը. Հունվար 2016 թ.

Սիրիայի տարածքների վերահսկողությունը. Հունվար 2016 թ.

Պայմանավորվածության համաձայն՝ հրադադարի պայմանները չեն ազդելու միայն «Իսլամական պետություն» և «Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների վրա, ինչպես նաև Սիրիայում գործող այն կազմակերպությունների վրա, որոնց ՄԱԿ անվտանգության խորհուրդը կճանաչի ահաբեկչական: Վերջին կետը, ըստ էության, միակն է, որի շուրջ բանակցող կողմերն այդպես էլ համաձայնության չեն հասել, այն է՝ հստակեցնել ահաբեկչական կազմակերպությունների ցանկը: Խնդիրն այն է, որ բանակցություններին մասնակցող կողմերի համար ահաբեկչական կազմակերպությունները տարբեր են (ինչպես օրինակ Սիրիայի հյուսիսը վերահսկող քրդական խմբերը Թուրքիայի համար ահաբեկչական են, մինչդեռ ԱՄՆ-ն համագործակցում է նրանց հետ): Փաստացի որոշվել է այս հարցը հետաձգել՝ տեղափոխելով ՄԱԿ ԱԽ քննարկման դաշտ:

Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններից մեկն էլ վերաբերում է Սիրիայի մարտական գործողությունների տարածքում հայտնված բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելուն: Որոշվել է օգնություն հասցնել Սիրիայի ամբողջ բնակչությանը և այդ աշխատանքը սկսել անհապաղ:

Ընդհանուր առմամբ, բանակցային խմբի պայմանավորվածություններն իրականացնելու համար կողմերը որոշել են ՄԱԿ հովանու ներքո ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կլինեն Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչներ՝ ինչպես դիվանագետներ, այնպես էլ զինվորականներ:

Ավելացնենք, որ մարտին կլրանա Սիրիայում մարտական գործողությունների 5 տարին: Այս ընթացքում այդ գործողությունների պատճառով զոհվել է շուրջ 250 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ փախստական են դարձել:

One response to “Սիրիայում հրադադար կհաստատվի մեկ շաբաթից. բանակցային խումբ

  1. Pingback: Ռուսաստանը և ԱՄՆ համաձայնության են հասել Սիրիայում հրադադար հաստատելու հարցում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *