Սիրիայի քրդերը զինյալներից ռազմաբազա են գրավել Թուրքիայի սահմանին

Փետրվարի 11-ին Reuters լրատվական գործակալությունը, փոխանցելով բրիտանական «Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով դիտորդական խումբ» (Syrian Observatory for Human Rights) ՀԿ-ից ստացված տեղեկությունը, նշում է, որ քրդական YPG-ն գրավել է Թուրքիայի հետ սահմանին ռազմավարական դիրք զբաղեցնող «Մենագ» ավիաբազան:

Նշվում է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) ռազմական թևի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) ստորաբաժանումները Թուրքիայի Քիլիս քաղաքի դիմաց` Սիրիայի Ազեզ քաղաքի հարավում գտնվող ռազմաբազան գրավել են Սիրիայում ռուսաստանյան ավիախմբի օժանդակությամբ:

Ռազմաբազան Թուրքիայի սահմանից շուրջ 26 կմ հեռավորության վրա է և կարևոր հենակետ է` «ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումից և Թուրքիայի օժանդակությամբ գործող զինյալ խմբավորումներից Ազեզ քաղաքը գրավելու և Հալեպի նահանգի հյուսիսային մասերում ամբողջությամբ հսկողություն սահմանելու համար:

Քրդական ուժերը կարողացել են նաև իրենց հսկողության տակ վերցնել ռազմաբազային հարակից մի շարք բնակավայրեր, իսկ «ալ-Նուսրայի ճակատ», «Ահրար ալ-Շամ» և մյուս զինյալ խմբավորումները նահանջել են դեպի Ազեզ:

Հիշեցնենք, որ 2016-ի փետրվարի սկզբից Սիրիայի կառավարական բանակը ևս հաջողություններ է գրանցում Հալեպի հյուսիսային շրջաններում: Ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ Սիրիայի կառավարական բանակն արդեն իսկ կարողացել էր կտրել նշված խմբավորումների կապը Հալեպ քաղաքի հետ` Թուրքիային սահմանակից շրջաններից:

Այս իրադարաձությունները սկսել են լրջորեն անհանգստացնել Թուրքիայի ղեկավարությանը, քանի որ թուրք-սիրիական սահմանի կարևորագոյժույն շրջանները սկսում են անցնել Թուրքիայի կողմից սպառնալիք համարվող քրդական կառույցի և Սիրիայի կառավարական բանակի հսկողության տակ, որը վերջին շրջանում լուրջ հաջողություններ է գրանցում նաև Լաթաքիայի շրջան` թուրքական Հաթայ նահանգին սահմանակցող շրջաններում իր հսկողությունը սահմանելու հարցում:

Թուրքիային մասնավորապես անհնագստացնում էայն փաստը, որ ԱՄՆ-ի կառավարաությունը օգնում է քրդական YPG-ին, քանի որ այդ կառույցը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող հիմնական ուժերից մեկն է: Քրդական ուժերին օժանդակում է նաև Ռուսաստանը, քանի որ վերջիններս դաշնակցում են նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որն էլ իր հերթին հաջողություններ է գրանցում ռուսաստանյան ավիախմբի, ռազմական խորհրդատուների օգնության շնորհիվ:

Դեպքերի նման զարգացումը Թուրքիայի ղեկավարությանը վերջին շրջանում ստիպում է առճակատման գնալ նաև ԱՄՆ-ի հետ: Մասնավորապես երեկ` փետրվարի 10-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ին հորդորել էր դադարեցրել քրդերին ցուցաբերվող աջակցությունը՝ կոչ անելով ընտրել՝ կա´մ Թուրքիայի, կա´մ քրդական կառույցի հետ համագործակցությունը: Սա հաջորդել էր նրան, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը մեկ անգամ ևս վերահաստատել էր Սիրիայի քրդական PYD-ին և վերջինիս զինված ուժերին աջակցելու քաղաքականության շարունակականությունը:

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) ստորաբաժանումները փետրվարի 9-ին «Մենագ» ավիաբազայի մոտակայքում

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) ստորաբաժանումները փետրվարի 9-ին «Մենագ» ավիաբազայի մոտակայքում

Հավելենք, որ 2016-ի հունվարին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ ներկայումս Թուրքիայի համար միջազգային վտանգ են ներկայացնում է առավելապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը և Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (PYD):

Ավելացնենք, որ Թուրքիան մի շարք անգամներ հրետակոծել է Սիրիայում ԻՊ դեմ կռվող քրդական PYD-ի դիրքերը` վերջիններիս համարելով քրդական PKK-ի սիրիական թևը:  Մասնավորապես նման դեպքեր գրանցվել են 2015-ի հուլիսին և նոյեմբերին, ինչպես նաև մի շարք այլ անգամներ:

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետապնդած շահերին, այդ հատվածում գործող կառույցների հետ համագործակցությանը և հակասություններին, առկա խնդիրներին կարող եք ծանոթանալ Ռազմինֆոյի Թուրքիայի առանձին «պատերազմը» Սիրիայի հյուսիսում հոդվածում:

2 responses to “Սիրիայի քրդերը զինյալներից ռազմաբազա են գրավել Թուրքիայի սահմանին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 7 – 13 փետրվարի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն հրետակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *