Հայաստանը Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կկնքի

Այսօր՝ փետրվարի 11-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքման մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկին: Այս մասին տեղեկացնում է հայաստանյան «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

ՀՀ կառավարության նիստ

ՀՀ կառավարության նիստ

Կառավարություն ներկայացված համաձայնագրի նախագիծն ունի 10 հոդված, որոնք հստակեցնում են ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի և Հունաստանի համագործակցության ուղղությունները և ձևերը: Մասնավորապես նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ կողմերը կհամագործակցեն հետևյալ ոլորտներում.

  • զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն,
  • կողմերի՝ պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների գործառույթների հետ կապված հարցեր և կողմերի՝ ռազմական հետազոտություններ իրականացնող մարմինների միջև երկխոսություն,
  • ռազմական հետազոտությունների և գնահատման ոլորտում փորձի փոխանակման հետ կապված համագործակցություն,
  • զենքի արտադրության վերաբերյալ տեղեկատվության, փորձի և կարծիքների փոխանակում,
  • ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ, դրա արտադրության համար հետազոտություններ և զարգացում, ինչպես նաև երկու կողմերի աջակցությանն արժանացած Հայաստանի և Հունաստանի համատեղ արդյունաբերությունների ընդլայնման նախաձեռնություններ,
  • ռազմական նշանակության արտադրանքի արտադրության համար համատեղ կազմակերպությունների հիմնադրում,
  • Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ նշված ոլորտներից բացի այլ ոլորտներ:

Համագործակցության ձևերից նշվում են մասնավորապես համատեղ հետազոտություններն ու փորձարկումները, տեխնիկական անձնակազմերի վերապատրաստումները, այլ երկրների արտադրության սպառազինության և ռազմական տեխնիկայի կատարելագործում, նորոգում և այլն:

Համատեղ գործունեության ընթացքում ձեռքբերված տեղեկատվությունը այլ երկրներին վաճառելը կամ փոխանցելը համաձայնագրով հնարավոր կլինի միայն երկու կողմերի համաձայնությամբ:

Համաձայնագրի իրականացման համար ստեղծվելու է նաև հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողով՝ Հայաստանի և Հունաստանի հավասար թվով ներկայացուցիչներով, իսկ հանձնաժողովի նիստերը երկու երկրներում կանցկացվեն հերթականությամբ:

Համաձայնագրի կնքման հիմնավորման մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը մասնավորապես նշում է. «Վերջին տարիներին Հայաստանը ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ակտիվ ռազմական համագործակցություն է ծավալում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ, ինչը պայմանավորված է խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով տարածաշրջանում ռազմական հավասարակշռության ստեղծմամբ: Այդ տեսանկյունից որոշակի քայլեր են ձեռնարկվում նաև Հունաստանի հետ ռազմատեխնիկական հարաբերությունների զարգացման գործում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Հունաստանի ռազմական համագործակցության հարցեր քննարկվել են նաև Հունաստանի պաշտպանության նախարարի՝ Հայաստան այցի ընթացքում՝ 2015թ. դեկտեմբերին: Այցի ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ռազմական կրթությունը, խաղաղապահ և հատուկ նշանակության ուժերի պատրաստությունը, ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման ուղղությամբ փորձի փոխանակումը և այլն: Ռազմատեխնիկական բնագառավում համագործակցության շրջանակներում Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները առաջարկել են նախաձեռնել իրավապայմանագրային դաշտի արդիականացում:

Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ

Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ

3 responses to “Հայաստանը Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կկնքի

  1. Pingback: Հայաստանը և Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում. նախագիծ | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստանը և Սերբիան կկնքեն ռազմական համագործակցության համաձայնագիր | Ռազմ.info

  3. Pingback: Վիգեն Սարգսյանը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *