ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Թուրքիային օգնությանը

Փետրվարի 10-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, նշել այդ երկրի պաշտպանական ոլորտի ամրապնդմանն ուղղված քայլերը: Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի կայքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի ԶՈւ ԳՇ ՌՕՈւ 2-րդ ավիաէսկադրիլիայի զորամասում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի ԶՈւ ԳՇ ՌՕՈւ 2-րդ ավիաէսկադրիլիայի զորամասում (արխիվ)

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ փետրվարի 10-ին և 11-ին հանդիպումների ընթացքում քննարկվելու են կառույցի պաշտպանական և զսպող մեխանիզմների զարգացման մեխանիզմները` հայտարարելով, որ անցյալ տարվա վերջում Դաշինքը հստակեցրել է Թուրքիային ցուցաբերվող օգնությունը, այդ թվում`վաղ նախազգուշացման և օդային վերահսկման AWACS ինքնաթիռների, օդային տարածքի պահպանությունը:

Շարքը շարունակելով՝ Ստոլտենբերգը նշել է նաև, որ կառույցը մեծացրել է իր ռազմական ներկայությունը Միջերկրական և Սև ծովերում, ինչպես նաև որոշել է շարունակել Թուրքիայի օդային սահմանների պաշտպանության համար «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերի տեղակայումը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է նաև կառույցի՝ անդամ բոլոր երկրներին սպառնացող վտանգների դեմ միջոցառումներ ձեռք առնելու հաստատակամությունը` անկախ թե վտանգը որտեղ կլինի և ում կողմից: Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ կառույցը Սև ծովում չի սահմանափակվում միայն Թուրքիայի հետ համագործակցությամբ, այդպիսի համակգործակցություն կա նաև Բուլղարիայի և Ռումինիայի հետ:

Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերին ԱՄՆ-ն Թուրքիայից դուրս բերեց 2013-ից այդ երկրում տեղակայված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսկ դեկտեմբերի վերջին պարզ դարձավ, որ Գերմանիան ևս դուրս է բերել  իր համակարգերը և Թուրքիայում մնացել են միայն Իսպանական Patriot-ները:

Սակայն ՀՕՊ համակարգերը դուրս բերելուց հետո ՆԱՏՕ-ն հաստատեց Թուրքիային տրամադրվելիք նոր «ՀՕՊ օգնության» փաթեթը, ինչը մասնավորապես ենթադրում է Սիրիայի հետ օդային սահմանների պաշտպանության հարցում այդ երկրին տրամադրել վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված ինքնաթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *