Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 8-9

Փետրվարի 9-ին թուրքական «Հյուրիեթ» պարբերականը հայտնել է, որ PKK-ն նոր հետախուզական կազմակերպություն է հիմնել, որը գարնանը նախատեսում է ինքնավարություն հռչակել Թուրքիայի քրդաբնակ շրջաններում:

Տեղեկությունը Անվտանգության գլխավոր տնօրինությունը (ոստիկանություն) հաղորդել է Թուրքիայի բոլոր նահանգապետարաններին` զգուշացնելով, որ այդ կազմակերպությունը ներակայումս զբաղված է Իրաքի տարածքում զինյալներ մարզելու, ցուցարարներին ոտքի հանելուն նախապատրաստելու գործընթացքով, իսկ 2016-ի գարնանը նախատեսում է մտնել Թուրքիայի տարածք և, օգտագործելով բոլոր ռեսուրսները, ինքնավարություն հռչակել քրդաբնակ շրջաններում:

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում

Իսկ մինչ այդ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում շարունակվում են թուրքական ուժայիների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումները:

Քրդական ANF News լրատվական գործակալությունը փետրվարի 9-ին հայտնել է, որ PKK-ի YPS կառույցի մարտիկները փետրվարի 8-9-ին Թուրքիայի Սուր և Ջիզրե գավառներում սպանել են առնվազն 7 թուրքական ուժայինների:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքն իր հերթին այսօր` փետրվարի 9-ին, հայտնել է, որ նույն օրը մահացել է դեռևս փետրվարի 1-ին Դիարբեքիրի Սուր գավառում PKK-ի դեմ բախումներում վիրավորված մեկ զինծառայող:

Թուրքական ուժայինները Ջիզրեում. 09.02.2016թ.

Թուրքական ուժայինները Ջիզրեում. 09.02.2016թ.

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը փետրվարի 9-ին իր հերթին հայտնել է, որ նույն օրը Ջիզրեում PKK-ի հետ բախումներում սպանվել է 2 թուրքական ուժային` այդ թվում ոստիկանության և զինուժի մեկական հատուկջոկատայիններ:

Նույն աղբյուրը փետրվարի 8-ին հայտնել էր, որ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի հետ բախումներում սպանվել է ևս 1 թուրքական ուժային:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը փետրվարի 9-ին հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերից մինչ 2016-ի փետրվարի 8-ը Ջիզրե գավառում թուրքական ուժայինները սպանել են PKK-ի 575 զինյալ, իսկ Սուր գավառում` 177 զինյալ:

Քրդական ANF News լրատվական գործակալությունը փետրվարի 9-ին հայտնում է, որ Դիարբեքիրում հազարավոր քրդեր բողոքի ցույցի են դուրս եկել: Թուրքական ոստիկանությունը բռնի ցրել է ցույցը:

Թուրքական «Դյունյա Բյուլթենի» լրատվակայքն իր հերթին հայտնում է, որ փետրվարի 9-ին Դիարբեքիրում կազմակերպված ցույցը ցրելիս մեկ 17-ամյա երիտասարդ է սպանվել, սակայն չի նշվում, թե ում կրակոցից: Ցուցարարները բողոքել են Ջիզրեում և Սուրում թուրքական ուժայինների գործողությունների դեմ:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. 28.01.2016 թ.

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. 28.01.2016 թ.

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *