Ռուսաստանում վնասազերծվել է ահաբեկչություն ծրագրած ԻՊ գրոհայինների խումբ

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը փետրվարի 7-ին վնասազերծել է «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման գրոհայինների, որոնք ծրագրել էին ահաբեկչական պայթյուններ իրականացնել Մոսկվայում, Պետերբուրգում և Սվերդլովսկի շրջանում: Այս մասին փետրվարի 8-ին հայտնում է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

Ձերբակալված հանցախմբի անդամների հիմնական մասը եղել են Ռուսաստանի և կենտրոնասիական պետությունների քաղաքացիներ և անդամակցել են «Իսլամական պետությանը»: Խմբի ղեկավարությունը ստանձնել է Թուրքիայից Ռուսաստան եկած գրոհային, ԻՊ անդամ, որի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել:

Հանցախմբի անդամների բնակության հասցեներում խուզարկությունների արդյունքում հայտանբերվել են ինքնաշեն ռումբերի պատրաստման լաբորատորիաներ, ծայրահեղական գաղափարախոսություն քարոզող գրականություն:

Նշվում է, որ ծրագրի համաձայն, ահաբեկչական գործողություններ իրականացնելուց հետո խումբը պետք է հեռանար Ռուսաստանից, մեկներ Սիրիա և մասնակցեր այդ երկրում ԻՊ գործողություններին:

Ներկայումս աշխատանքներ են տարվում ահաբեկչության ծրագրման ընթացքում հանցախմբին օգնություն ցուցաբերող մարդկանց ցանցը հայտնաբերելու ուղղությամբ:

Թուրքական կողմը դեռևս չի արձագանքել այս հայտարարությանը:


Հիշեցնենք, որ 2015-ի սեպտեմբերիից Սիրիայի կառավարության խնդրանքով Ռուսաստանը ավիախումբ է տեղակայել այդ երկրում, իսկ հոկտեմբերից  կետային ավիահարվածներ է հասցնում «Իսլամական պետություն», ինչպես նաև մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին:

ԻՊ դեմ իր պայքարը Ռուսաստանը հիմնավորում է նաև նրանով, որ վաղ թե ուշ Ռուսաստանից ԻՊ շարքերը համալրած զինյալները կարող են վերադառնալ Ռուսաստան և ահաբեկչական գործունեություն ծավալել հենց այնտեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *