ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը բերվել է մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի

Այսօր՝ փետրվարի 8-ի առավոտյան, Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի միավորումները բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի՝ ՌԴ ԶՈւ հարավարևմտյան ռազմավարական ուղղության մարտունակության հանկարծակի ստուգման նպատակով: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ-29 կործանիչներ

Ռուսաստանի ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ

Առավոտյան ժամը 5-ին ՌԴ նախագահի որոշմամբ մարտական պատրաստականության աստիճանի են բերվել ոչ միայն հարավային ռազմական շրջանի, այլև Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և ռազմական-տրանսպորտային ավիացիայի առանձին ստորաբաժանումներ:

Հանկարծակի ստուգման նպատակն է գնահատել ռազմական շրջանի պատրաստության աստիճանը տարբեր ճգնաժամային իրավիճակներին:

ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ վարժանքի ընթացքում կատարելագործվելու են ռազմական շրջանի բոլոր գործողությունները, այդ թվում և ռազմական ավիացիայի և ՀՕՊ ստորաբաժանումների կողմից ռազմական և պետական կարևոր օբյեկտների պաշտպանությունը՝ հակառակորդի օդային հարձակման դեպքում, ինչպես նաև զորքերի պատրաստությունը՝ հակաահաբեկչական գործողություններում և պայմանական աղետների հետևանքների վերացման գործում:

Վարժանքին ներգրավվելու են նաև Ռուսաստանի ԶՈւ արևմտյան ռազմական օկրուգի որոշ ստորաբաժանումներ, իսկ վարժանքների ավարտին բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ սևծովյան և կասպյան նավատորմերը, ռազմական ավիացիան, անցկացնելու են առանձին զորավարժություններ: Դրանց ընթացքը ստուգելու են Ռուսաստանի ԶՈւ առանձին զորատեսակների հրամանատարները:

Նշենք, որ Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի կազմի մեջ են մտնում Կովկասում և դրանից ավելի հյուսիս ընկած տարածքում տեղակայված ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, ինչպես նաև կասպյան և սևծովյան նավատորմերը, Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան: