Ռազմաշաբաթ․ Տարածաշրջան․ 31 հունվարի – 6 փետրվարի, 2016

Վրաստանն Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ չի վաճառել • Վրաստանը բանակցում է ամերիկյան տանկերը զորավարժության ներգրավելու համար • Ադրբեջանցի զինծառայողը սպանվել է «հայկական հարձակումից» • Ադրբեջանական զինուժի կորուստները հունվարին • Սիրիական բանակը Հալեպի հյուսիսում կտրել է զինյալների կապը Թուրքիայի հետ • Թուրքիան ու Սաուդյան Արաբիան կարող են ներխուժել Սիրիա • Թուրքիան Ռուսաստան չի թույլատրել ստուգողական թռիչք կատարել իր տարածքում • Ռուսաստանը չի դադարեցնի իր գործողությունների Սիրիայում • Ռուսաստանը կործանիչներ է տեղակայել Սիրիայում • Թուրքիան կարող է ևս երկու AEW&C ինքնաթիռ գնել • Թուրքիայում տեղակայված գերմանական կործանիչները կսկսեն ԻՊ դեմ գիշերային թռիչքներ • Թուրքիայում ԱՄՆ օդուժի ԱԹՍ է ընկել • Թուրքիա-ԻՊ փոխհրաձգություն թուրք-սիրիական սահմանին • «Ուրալվագոնզավոդը» պատրաստ է Տ-90 տանկեր արտադրել Իրանում • Վերափոխվում է Ռուսաստանի ԶՈւ՝ Տաջիկստանում տեղակայված ռազմաբազան • Թուրքիայի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել երկրի արևելքում • Թուրք-քրդական զինված բախումները շաբաթվա ընթացքում • Զորավարժություն է արել ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակը • Վրաստանում գրիպից զինծառայող է մահացել • Դաղտանում սպանվել է զինյալ

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների համատեղ ասուլիսը

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների համատեղ ասուլիսը

• Փետրվարի 2-ին Ռազմինֆոյի հետ բացառիկ հարցազրույցում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հերքել է վրացական «Դելտա» ռազմարդյունաբերական ձեռնարկության՝ Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ վաճառելու մասին լուրը։ Նույն զրույցի ընթացքում Խիդաշելին անդրադարձել է նաև մայիսին Վրաստանում անցկացվելիք Noble Partner-2016 զորավարժությանը՝ նշելով, որ Թբիլիսին բանակցում է նաև զորավարժությանն ամերիկյան Abrams տանկեր ներգրավելու շուրջ։

• Փետրվարի 3-ին հայ-ադրբեջանական սահմանին, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, «հայկական կողմի հարձակման հետևանքով» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Միրզաև Իմրան Խուդավերդի օղլուն (Mirzəyev İmran Xudaverdi oğlu): Հայաստանի ՊՆ-ն, սակայն, հերքել է սա՝ հայտնելով, որ ադրբեջանցի զինծառայողն իրականում սպանվել է ներքին՝ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում։ Սա Ադրբեջանի զինուժի 3-րդ հայտնի կորուստն է 2016թ․ ընթացքում։ Ռազմինֆոյի ամփոփ տվյալներով՝ հունվարին ադրբեջանական պաշտպանական համակարգում գրանցվել է ևս երկու զինծառայողի կորուստ։

• Սիրիայի կառավարական բանակը ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ փետրվարի 3-ին «ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման շրջափակումից ազատագրել է Հալեպից հյուսիս գտնվող Նուբլ և Զահրա բնակավայրերը` կտրելով Իդլիբի նահանգում և Հալեպի մի մասում տեղակայված զինյալ խմբավորումների կապը Թուրքիայի հետ՝ Հալեպի հյուսիսային հատվածով: Սա, անշուշտ, Թուրքիայի սրտով չէ, քանի որ թուրքական իշխանությունները Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից շրջաններում ապրող «Սիրիայի թուրքմենների» օգնությամբ փորձում են հսկողություն սահմանել Հալեպի հյուսիսային` Թուրքիային սահմանակից, շրջաններում` ֆինանսավորելով և մարդկային կռվող ուժ տրամադրելով թյուրքական զինյալներին:

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի հյուսիսային շրջաններում

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի հյուսիսային շրջաններում

• Փետրվարի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հիմքեր ունի ենթադրելու, որ Թուրքիան պատրաստվում է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայի տարածքում: Ամերիկյան CNN-ի հետ զրույցում Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը հերքել է այս պնդումը։ Սակայն բրիտանական Guardian-ն իր հերթին հայտնել է, որ Սիրիա ներխուժմանը կարող է մասնակցել նաև Սաուդյան Արաբիան (Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը հունվարի 30-ից փետրվարի 1-ը եղել է Սաուդյան Արաբիայում, հանդիպել երկրի ԶՈւ ԳՇ պետին)։ Կասկածի տեղիք է տալիս նաև այն, որ փետրվարի սկզբին Թուրքիան Ռուսաստանին թույլ չի տվել «Բաց երկնքի» պայմանագրի համաձայն օդային դիտարկում անել թուրք-սիրիական սահմանին, թեև կողմերը նախապես համաձայնության էին եկել։

• Ամրացնելով Սիրիայում իր ավիախումբը՝ հունվարի վերջին Ռոսաստանն այնտեղ տեղակայել է նաև 4 միավոր Սու-35Ս կործանիչ։ Սիրիայում Ռուսաստանի գործողություններին անդրադառնալով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանն առայժմ որևէ հիմք չունի Սիրիայում իր օդատիեզերական ուժերի գործողությունները դադարեցնելու համար, և ավելացրել, որ գործնականում Սիրիայի պատերազմին վերջ տալու համար առաջին հերթին պետք է փակել Թուրքիայի տարածքով անցնող մաքսանենգ ուղիները:

• Թուրքիայում քննարկում են ևս 2 միավոր վաղ նախազգուշացման և վերահսկման ինքնաթիռ (Boeing 737 AEW&C) գնելու տարբերակը: Դա, ըստ Թուրքիայի ՊԱԳՎ ներկայացուցչի, պայմանավորված է Թուրքիային սպառնացող վտանգների ավելացմամբ։

• Փետրվարի 1-ին հայտնի է դարձել, որ Գերմանիայի ԶՈւ` Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված «Տորնադո» հետախուզական ինքնաթիռների տեխնիկական խնդիրը հարթվել է, և ինքնաթիռներն արդեն կարող են գիշերային թռիչքներ կատարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) դեմ պայքարի շրջանակներում:

Փետրվարի 3-ին Թուրքիայում կործանված ԱՄՆ օդուժի Predator MQ-1 հարվածային ԱԹՍ-ն

Փետրվարի 3-ին Թուրքիայում կործանված ԱՄՆ օդուժի Predator MQ-1 հարվածային ԱԹՍ-ն

• Փետրվարի 3-ին Թուրքիայի հարավարևմտյան Ադանա քաղաքի մոտակայքում, ենթադրաբար՝ տեխնիկական խնդրի պատճառով, վթարվել է «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված ԱՄՆ օդուժի MQ-1 Predator հարվածային անօդաչու թռչող սարքերից մեկը:

• Փետրվարի 2-ին «Իսլամական պետության» զինյալները Սիրիայի Ջերաբլուս սահմանային քաղաքի մոտ կրակել են թուրք-սիրիական սահմանագծի մոտ ականազերծման աշխատանքներ անող թուրքական զինծառայողների ուղղությամբ, տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվել:

• Փետրվարի 3-ին ռուսաստանյան Տ-90 տանկեր արտադրող «Ուրալվագոնզավոդ» ընկերության ղեկավարը հայտարարել է, թե Իրանի նկատմամբ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պատժամիջոցների վերացումից հետո ռուսաստանյան ընկերությունը պատրաստ է Տ-90Ս տանկերի արտոնագրային արտադրություն կազմակերպել Իրանում: Սա հաջորդել է իրանական կողմի այն հայտարարությանը, թե իրենք այլևս հետաքրքրված չեն Ռուսաստանի Տ-90 տանկերով և մտադիր են սեփական տանկեր արտադրել:

• Ռուսաստանի զինված ուժերի՝ Տաջիկստանում տեղակայված բոլոր ստորաբաժանումները միավորվելու են մեկ միավորման մեջ, որի հիմքը լինելու է «Կանտ» ավիաբազայում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը: Փոփոխությունը պայմանավորված է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի առջև դրված նոր խնդիրներով և ընդհանուր կառուցվածքային փոփոխություններով: Փետրվարի 3-ին էլ ՌԴ ՊՆ տեղակալը մեկնել է Տաջիկստան, որտեղ խոստացել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով օգնել, որպեսզի բարձրացնի Տաջիկստանի զինված ուժերի մարտունակությունը՝ Աֆղանստանից եկող վտանգը չեզոքացնելու նպատակով:

• Թուրքիայի արևելքում քրդական ուժերի հետ շարունակվող զինված բախումների ֆոնին Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերը հունվարի երկրորդ կեսին մոտ 10 վարժանք են անցկացրել երկրի արևելյան, այդ թվում՝ նաև Հայաստանին սահմանակից շրջաններում:

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Սարիղամիշում

Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Սարիղամիշում

• Թուրքիայի արևելյան քրդաբնակ նահանգներում ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինված բախումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․

• Փետրվարի 1-ին Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմիղի շուրջ 800 զինծառայող հանկարծակի ստուգման նպատակով բերվել է մարտական պատրաստության աստիճանի: Ուսումնական տագնապի միջոցով ստուգվել է Աստրախանի շրջանի և Դաղստանի ծովային հետևակի ստորաբաժանումների պատրաստությունը:

• Փետրվարի 4-ին Դաղստանի Կիզիլյուրտ-Մախաչկալա ավտոճանապարհին, ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում սպանվել է զինված անօրինական խմբավորման անդամ։ Հունվարի 30-ից Դաղստանի 3 շրջանում գործող հատուկ գործողության ռեժիմը փետրվարի 4-ին հանվել է։

• Վրաստանի Գորի քաղաքում տեղակայված զինվորական հոսպիտալում H1N1 վիրուսից (խոզի գրիպ) մահացել է Վրաստանի ԶՈւ հատուկ ուժերի զինծառայող։ Ռազմինֆոյի տվյալներով՝ սա վրաստանյան բանակում 2016 թվականին մահվան առաջին դեպքն է։ Ներկայում Գորիի զինվորական հոսպիտալում գրիպից բուժվում է ևս 12 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *