Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ականանետային հաշվարկները վարժանքներ են սկսել «Ալագյազում»

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի շուրջ 100 ականանետորդ սկսել է նախապատրաստվել «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթին, որը կանցկացվի 2016-ին՝ «Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Ռազմինֆոյին հայտնել են ՀՌՇ մամուլի ծառայությունից:

ՌԴ 102-րդ ռազմաբազայի ականանետորդները վարժանքների ժամանակ։ Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից

ՌԴ 102-րդ ռազմաբազայի ականանետորդները վարժանքների ժամանակ։ Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից

Հրետանային ստորաբաժանումները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում ձեռքի նռնականետներով ու ականանետներով կատարելագործելու են կրակային հմտությունները։

Երեք ամիսների ընթացքում մասնակիցները կսովորեն անվտանգության հիմունքները, կկատարելագործեն ականանետներով կրակելու, ինչպես նաև բարդ եղանակային պայմաններում  ռազմական տեխնիկա վարելու հմտությունները։ Վարժանքների ժամանակ կիրառվելու են նաև «Գրանատ-2» և «Զաստավա» անօդաչու թռչող սարքեր։

Առանձին վարժանքներից հետո ականանետորդներն իրականացնելու են նաև 2 առաջադրանք՝ անհատական մրցարշավ (5 կիլոմետրանոց երթուղի, որի ժամանակ ՌՊԳ-ներով թիրախներ են խոցվելու) և Էստաֆետա (5 կիլոմետրանոց երթուղի, որի ժամանակ կրակելու են ականանետներով)։

Այս վարժանքներից հետո Հարավային Կովկասում անցկացվելու է ընտրական փուլ։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները մասնակցելու են մրցույթի՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի փուլին, որը կայանալու է այս տարվա գարնանը։

Ավելացնենք, որ «Միջազգային բանակային խաղեր 2016-ին» պատրաստվելու վարժանքները սկսել են նաև 102-րդ ռազմաբազայի տանկային և ՀՄՄ ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *