Հետաձգվել է Թուրքիային 2 միավոր A400M ինքնաթիռների տրամադրումը

2003-ին կնքված պայմանագրով Թուրքիան պետք է ստանար 10 միավոր A400M բեռնատար ինքնաթիռ, որոնցից ընդամենը 3-ն է դեռ ստացել, իսկ 2016-ին մատակարարման համար նախատեսված 2 ինքնաթիռների տրամադրման ժամկետը հետաձգվել է: Այս մասին բրիտանական Reuters լրատվական գործակալությանը հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) ներկայացուցիչը:

A400M բեռնատար ինքնաթիռ

A400M բեռնատար ինքնաթիռ

Թուրքական ՊԱԳՎ-ի ներակայացուցիչը նշել է, որ ներկայումս իրենք բանակցություններ են վարում Եվրոպական Airbus Space & Defense ըներության հետ` ինքնաթիռների տրամադրման ժամկետները որոշելու համար:

Համաձայն նախնական պայմանավորվածության` խմբաքանակի 2 ինքնաթիռներր Թուրքիային պետք է փոխանցվեին 2016-ի ապրիլին և հունիսին, սակայն ժամկետներն անորոշ ժամանակով հետաձգվել են:

Airbus ընկերության խոսնակն իր հերթին Reuters-ին հայտնել է, որ ընկերությունը ներկայումս բանակցում է եվրոպական «Սպառազինությունների գնման ոլորտում համագործակցության կազմակերպության» (OCCAR) հետ` 2016-ին A400-ների մատակարարման ժամանակացույցը կազմելու համար: Միայն բանակցությունների ավարտից հետո հայտնի կդառնա, թե ինքնաթիռները երբ կարող են փոխանցվել պայմանագրով նախատեսված երկրներին:

Հիշեցնենք, որ Airbus ընկերության հետ 2003-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիայի ԶՈւ-ն մինչև 2018-ը պետք է ստանար 10 միավոր A400M  ինքաթիռ։ Մինչ այժմ, սակայն, ընկերությունը Թուրքիայի զինված ուժերին տրամադրել է պայմանագրով նախատեսված ինքնաթիռներից 3-ը, որոնցից մեկը՝ 2014-ի ապրիլին, 2-րդը՝ դեկտեմբերին, իսկ երրորդն ընդամեն 2015-ի դեկտեմբերին:

2015-ին Թուրքիան պետք է ստանար 2 ինքնաթիռ, սակայն նույն տարվա մայիսին  Իսպանիայում Թուրքիայի համար նախատեսված A400M ինքնաթիռի վթարից հետո անձնակազմի 4 անդամները զոհվել էին, իսկ 2-ը՝վիրավորվել։ Մի քանի օր անց եվրոպական ընկերությունը A400M բեռնատար ինքնաթիռներ շահագործող երկրներին նախազգուշացրել էր, որ մատակարարումը դադարեցվում է` հավելյալ ստուգումների համար:

A400M. Թուրքիայի ԶՈւ

A400M. Թուրքիայի ԶՈւ

Նշենք, որ Թուրքիան A-400M բեռնատար ինքնաթիռների նախագծին մասնակցում է դեռևս 1985-ից։ Բացի այդ 5,5% տոկոս մասնաբաժնով նախագծի բաժնետեր է նաև թուրքական TAI ավիաշինական ընկերությունը։

Airbus A400M
Սովորական (կրեյսերային) արագությունը – 780 կմ/ժ
Զանգվածը – 76.500 կգ
Երկարությունը – 45 մ
Առաջին թռիչքը – 2009 թ․ դեկտեմբերի 19-ին
Թռիչքի հեռավորությունը – 3.298 կմ
Թևերի բացվածքը – 42 մ
Բեռնատարողությունը – մինչև 37 տոննա
Արժողությունը – 181 մլն ԱՄՆ դոլար (2010 թ․)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *