Ռուսաստանը պատրաստ է Սերբիային վաճառել արտահանման համար չարգելված ցանկացած զենք. Ռոգոզին

Ռուսաստանի ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ի պատասխան Խորվաթիայի` շուրջ 300 կմ հեռահարության հրթիռային համակարգերի ձեռքբերման քայլերի` իրենք պատրաստ են Սերբիային մատակարարել ցանկացած զենք, որի արտահանման վրա արգելք սահմանված չէ: Այս մասին Ռոգոզինը հայտնել է ռուսաստանյան «Սպուտնիկ» լրատվական գործակալության սերբիական բաժնի լրագրողի հետ հարցազրույցում:

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռոգոզինը նշել է, որ իրենք անհանգստացած են Սերբիայի հարևան Խորվաթիայի` մեծ հեռահարության հրթիռային համակարգեր ձեռք բերելու մտադրությամբ, քանի որ դա հարց է առաջանում` թե ու՞մ դեմ է Խորվաթիան օգտագործելու այդ համակարգերը:

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է Սերբիային տրամադրել արտահանման համար չարգելված ցանկացած զինատեսակ, սակայն իրական անհրաժեշտությունները ստույգ պետք է հստակեցնեն երկու երկրների ռազմական փորձագետները` ելնելով նաև Սերբիայի հնարավորություններից:

Հարցազրույցում Ռոգոզինը նշում է, որ Խորվաթիայի` 270-300 կմ հեռահարությամբ հրթիռներ ձեռք բերելու դեպքում դա կսպառնա Սերբիայի անվտանգությանը, իսկ այդ երկրիրը ներկայումս չունի համապատասխան ռազմական տեխնիկա` հեռահար հրթիռային համակարգերից պաշտպանվելու համար: Նա չի նշել, թե ինչ սպառազինության մասին է խոսքը, սակայն փոքր-ինչ հստակեցրել է, որ խոսքն առաջին հերթին հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման մասին է:

Ավելացնենք, որ երեկ` հուվարի 11-ին, Սերբիայի մայրաքաղաքում այդ երկրի վարչապետի հանդիպման ընթացքում Ռոգոզինը վերջինիս հանձնել էր Ս-300 ՀՕՊ համակարգի մակետ` նշելով, որ դա առայժմ նվեր է և Ռուսաստանը կքննարկի Սերբիայի` պաշտպանական համակարգեր մատակարարելու հայցը:

Ըստ էության կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանը և Սերբիան առաջնահերթ քննարկում են նշված ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանները:

Հավելենք, որ Սերբիան և Խորվաթիան 1991-ին մեկ պետության կազմից դուրս գալուց և անկախություն հաստատելուց հետո պահպանում են լարված հարաբերությունները: Եթե Սերբիան մնաց հավատարիմ «ռուսաստանյան դաշնակցությանը» , ապա Խորվաթիան ընտրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղին` 2009-ին մտնելով այդ կառույցի մեջ: Ըստ էության երկու պետությունների պայքարն անուղղակիորեն վերածվել է ՆԱՏՕ-Ռուսաստան համակամարտության մի մասի:

Ավելացնենք, նաև, որ 2015-ի հոկտեմբերին Խորվաթիայի ՊՆ-ն դիմել էր ԱՄՆ-ին` 16 միավոր М270 համազարկային կրակի ռեակտիվ կայաններ ձեռք բերելու համար, ինչը ԱՄՆ Կոնգրեսում հաստատվելուց հետո, այդ համակարգերի հետ Խորվաթիային պետք է մատակարարվեն նաև 300 կմ հեռահարությամբ  MGM-140 ATACMS հրթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *