Նախագահը հաստատել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրով հաստատել է Հայաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և հանձնաժողովի կազմը, ինչը նախատեսված էր «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հայկական «Ասպար Արմզ» ընկերության ASR-300C դիպուկահար հրացան

Հայկական «Ասպար Արմզ» ընկերության ASR-300C դիպուկահար հրացան

Հաստատված կանոնադրության համաձայն՝ ռազմարդյունաբերական հանձնաժողովը մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որը մշակում և ՀՀ կառավարություն է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի ռազմարդյունաբերական քաղաքականության իրագործման և ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ու գործունեության վերաբերյալ: (Ամբողջ կանոնադրությունը ներկայացված է ՀՀ նախագահի հրամանագրին կից հավելվածով):

Հրամանագրով սահմանվում է նաև, որ հանձնաժողովը նախագահելու է ՀՀ վարչապետը, իսկ նրա տեղակալը լինելու է ՀՀ պաշտպանության նախարարը: Բացի այդ, հանձնաժողովի կազմում լինելու են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության և գիտության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարները, ինչպես նաև ԱԱԾ և ոստիկանության պետերը, ԶՈւ ԳՇ պետը, պաշտպանության նախարարի տեղակալը (նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը), ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը, ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահը և ՀՀ ԳԱԱ նախագահը (համաձայնության դեպքում):

Ավելացնենք, որ հանձնաժողովի ստեղծման համար հիմք է ծառայել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքը, որը նախագահը ստորագրել է 2015թ. ապրիլի 15-ին:

«ՀՀ Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նպատակը ոլորտի զարգացման համար կայուն հիմքի ստեղծումը, ՀՀ ԶՈւ և այլ զորքերի սպառազինության մատակարարումների պետական ծրագրերի իրականացումն է: Օրենքով կարգավորվում են սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, ռազմատեխնիկական միջոցների մշակման, արդիականացման, արտադրության, վերականգման, նորոգման, ծառայությունների մատուցման և սպասարկման աշխատանքները:

Օրենքի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

One response to “Նախագահը հաստատել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը

  1. Pingback: Հայաստանի ռազմարդյունաբերության կարևորագույն իրադարձությունները 2016-ին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *