Գերմանիան AWACS համակարգով ինքնաթիռներ է տեղակայելու Թուրքիայում

Գերմանիան ՆԱՏՕ-ի` Թուրքիայի օդային սահմանների անվտանգությունն ապահովելու ծրագրի շրջանակներում, վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով սպառազինված ինքնաթիռներ (AWACS) և սպասարկող զինվորական անձնակազմ է տեղակայելու Թուրքիայում:Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը` փոխանցելով այդ երկրի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հայտարարությունները:

վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազինված Boeing E-3 ինքնաթիռ. ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի ՌՕՈւ

Վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազինված Boeing E-3 ինքնաթիռ. ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի ՌՕՈւ

Գերմանիայի պաշտպանության նախարարը մասնավորապես նշել է, որ ինքաթիռների շահագործումն ու սպասարկումն իրականացնող զինվորական անձնակազմի  գրեթե 30 տոկոսն արդեն պատրաստ է, սակայն չի բացահայտել, թե ընդհանուր առմամբ քանի զինվորական և ինքնաթիռ է ուղարկվելու Թուրքիա:

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին ՆԱՏՕ-ն հաստատել էր Թուրքիային տրամադրվելիք «ՀՕՊ օգնության» փաթեթը, ինչը մասնավորապես ենթադրում է Սիրիայի հետ օդային սահմանների պաշտպանության հարցում այդ երկրին տրամադրել վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված ինքնաթիռներ:

AEWAC համակարգերը նախատեսված են օդային մարտերի կառավարման, քաղաքացիական օդուժի շարժի կառավարման, հետախուզություն կատարելու համար։ Վերջիններիս գործողության շառավիղը շուրջ 400 կմ է: Համակարգերը կարող են տեղադրվել տարբեր ինքնաթիռների, ինչպես նաև ուղղաթիռների վրա:

Հավելենք, որ Թուրքիան ունի 4 միավոր` համակարգով համալրված Boeing 737 AEWAC ինքնաթիռներ, որոնցից վերջինը ստացել է 2015-ի դեկտեմբերի 9-ին:

Boeing 737 AEWAC ինքնաթիռ. Թուրքիայի ՌՕՈւ

Boeing 737 AEWAC ինքնաթիռ. Թուրքիայի ՌՕՈւ

Ավելացնենք, որ ընդամենը օրեր առաջ` դեկտեմբերի 22-ին, պարզ դարձավ, որ Գերմանիան դուրս է բերել 2013-ից այդ երկրում` Սիրիայի հետ օդային սահմանների անվտանգությունն ապահովելու համար տեղակայած Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը:

Դեկտեմբերի 15-ին տեղեկացանք, որ Իսպանիան որոշել է մեկ տարի ևս Թուրքիայում պահել իր 2 միավոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը և սպասարկող 130-հոգանոց անձնակազմը: Համակարգերն օգտագործվում են Թուրքիայի` Սիրիայի և Իրաքի հետ օդային սահմանների պաշտպանության համար:

Դեկտեմբերի 16-ին էլ պարզ դարձավ, որ ԱՄՆ Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից դուրս է բերել ընդամենը մեկ ամիս առաջ այդ երկրի օդային սահմանների անվտանգությունն ապահովելու համար այնտեղ տեղակայած 12 միավոր F-15C կործանիչները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ գավառում բացազատված գերմանական Patriot զենիթահրթիռային համակարգերի մոտ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ գավառում բացազատված գերմանական Patriot զենիթահրթիռային համակարգերի մոտ

Թուրքիան չունի սեփական միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր: ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մրցույթ էր հայտարարվել դեռևս 2013-ին, որին մասնակցում էին նաև Patriot-ները: Սակայն թուրքերը նախ` մրցույթի հաղթող ճանաչեցին Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը, այն էլ մի քանի անգամ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *