Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 – 26 դեկտեմբերի, 2015

ՊՆ մամուլի խոսնակը հորդորել է կիրառել «պատերազմ» բառը • Թշնամու կրակից ՊԲ զինծառայող է զոհվել • Ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնությունը • Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստին • ՀԱՊԿ-ում իր ելույթում ՀՀ նախագահն անդրադարձել է Ադրբեջանի ոտնձգություններին • Արցախի ղեկավարն անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել • Կստեղծվի ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան • Ավտովթարի պատճառով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող • ՌԴ ԶՈւ «Էրեբունու» ավիախումբը համալրվել է ուղղաթիռներով • 102-րդ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են սկսել

ՀՀ ԶՈւ զինծառայողը նախիջևանյան նոր դիրքում

ՀՀ ԶՈւ զինծառայողը նախիջևանյան նոր դիրքում

• Դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հորդորել է «հրադադարի խախտում» տերմինի փոխարեն օգտագործել «պատերազմ» տերմինը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար այլևս չկա:

• Հակառակորդի գնդակից ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվել է ՊԲ զինծառայող Կարեն Աքուլյանը:

• Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրել են երկու երկրների միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնությունը: Հայաստանի և Ռուսաստանի միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում՝ Կովկասում, համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

ԱՊՀ պաշտպանության նախարարները, դեկտեմբեր 2015

ԱՊՀ պաշտպանության նախարարները, դեկտեմբեր 2015

Նույն օրն ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որի օրակարգի համաձայն՝ նիստին դիտարկվել են 20-ից ավելի հարցեր` համագործակցության տարբեր ուղղություններով:

• Դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում անդրադարձել է նաև Ադրբեջանի ոտնձգություններին և այդ համատեքստում ՀԱՊԿ անդամ պետությունների պարտավորություններին.

«Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը», — իր ելույթում նշել է ՀՀ նախագահը:

• Դեկտեմբերի 22-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և կոնկրետ հանձարարականներ է տվել կառավարությանը և Պաշտպանության բանակին ՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Արցախում Անվտանգության խորհդրի նիստ է հրավիրվել

Արցախում Անվտանգության խորհդրի նիստ է հրավիրվել

• ՀՀ կառավարության՝ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ընդունած որոշումներից մեկով ՀՀ պաշտպանության նախարարության կազմում երկու ամսվա ընթացքում ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիման վրա կստեղծվի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, որի միջոցով մասնավորապես հնարավոր կլինի.

  • պաշտպանական-անվտանգային ոլորտում ռազմավարական հետազոտությունների կատարմամբ ապահովել տվյալ ոլորտում ռազմավարական որոշումների ընդունման գիտական հենքը,
  • պատրաստել ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի համար գիտական կադրեր:

• Դեկտեմբերի 21-ին Ձորամուտ-Տաշիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Ս.Գալստյանի վարած ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի կողային բետոնե սալիկներին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 15-ամյա ուղևորն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

• Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբը համալրվել է ևս 6 միավոր Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներով: (Նախորդ համալրումն իրականացվել էր դեկտեմբերի սկզբին):

• Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հետախույզ զինծառայողները Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում սկսել են վարժանքներ՝ էքստրեմալ ձմեռային պայմաններում։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *