F-35 կործանիչների արտադրության համար Թուրքիայում ստեղծվում է 7,5 մլրդ դոլարի ենթակառուցվածք

F-35 կործանիչների համար շուրջ 16 մլրդ ամերիկյան դոլարի թուրքական ներդրումների գրեթե կեսը` 7,5 միլիարդի ներդրումները, կմնան Թուրքիայի տարածքում`  նպաստելով թուրքական ռազմարդյունաբերական ենթակառուցվածքների զարգացմանը: Այս մասին հայտնում է թուրքակն kokpit.aero լրատվակայքը, որը մասնագիտացած է ռազմական իրադարձությունների վերլուծության մեջ:

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ. ԱՄՆ ՌՕՈւ

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ. ԱՄՆ ՌՕՈւ

Թուրքական ռամարդյունաբերական ընկերություններից F-35 կործանիչների, դրանց բաղկացուցիչ մասերի արտադրությանը մասնակցելու են TAI, Alp Havacılık, Kale Kalıp, Ayesaş, Aselsan, Havelsan, MiKES ընկերությունները:

Բացի այդ, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը աշխատանքներ է տանում կործանիչների համար նախատեսված սարքավորումների արտադրության մեջ ևս մասնաբաժին ունենալու համար: Հիմնական խնդիրը` F-35 կործանիչների արտադրությանը մասնակցելու շրջանակներում նաև Թուրքիայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքները զարգացնելն է:

Մասնավորապես, Էսքիշեհիրի 1-ին ռազմաօդային թռչող սարքերի սպասարկման և վերանորոգման կենտրոնը` F-35 կործանիչների համար նախատեսված F135 շարժիչի մասերի արտադրության համար արդիականացվում է` համալրվելով ծանր ռազմաօդային տեխնիկաների սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումներով:

Հիշեցնենք, որ 2015-ի սեպտեմբերի 16-ին ամերիկյան Lockheed Martin և թուրքական Roketsan («Ռոքեթսան») ընկերությունները ստորագրել էին ամերիկյան F-35 կործանիչների համար նախատեսված նոր թևավոր հրթիռների արտադրության պայմանագիր:

Նոր SOM-J թևավոր հրթիռը «օդ-մակերևույթ» դասի է, և նախատեսված է ինչպես ԱՄՆ և Թուրքիայի, այնպես էլ այլ երկրների զինված ուժերին վաճառելու համար:

«Ռոքեթսան» ընկերության SOM-J մոդիֆիկացիայի կառավարվող հրթիռի նախագիծը՝ նախատեսված F-35 ինքնաթիռների համար

«Ռոքեթսան» ընկերության SOM-J մոդիֆիկացիայի կառավարվող հրթիռի նախագիծը՝ նախատեսված F-35 ինքնաթիռների համար

Ավելացնենք նաև, որ 2014-ի հունիսին Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) նահանգի ազատ տնտեսական գոտում բացվել էր ամերիկյան Pratt & Whitney և թուրքական Kale ընկերությունների համատեղ գործարանը, որը նախատեսված է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի համար  F135 շարժիչի մասերի արտադրության համար:

One response to “F-35 կործանիչների արտադրության համար Թուրքիայում ստեղծվում է 7,5 մլրդ դոլարի ենթակառուցվածք

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *